08/07/2017 10:00
«Սասնա ծռերի» անդամ Գագիկ Եղիազարյանը խմբի անդամներին սովորեցրել է «Մոլոտովի կոկտեյլ» պատրաստել. ով ի՞նչ է արել ՊՊԾ գրաված գնդում
Ոստիկանության պարեկապահակետային գնդի գրավման օրը և դրանից հետո կազմակերպված խմբի անդամների դերերը հստակ բաշխված են եղել, Aysor.am-ը տեղեկանում է ՊՊԾ գնդի գրավման վերաբերյալ քրեական գործի մեղադրական եզրակացությունից:
Հրապարակման այս հատվածում ներկայացնում ենք, թե ով ի՞նչ դեր է ունեցել ՊՊԾ գնդում:
Գնդի վարչական տարածքում և վարչական շենքերի վրա, ըստ մեղադրանքի, կազմակերպված խմբի անդամները կատարել են դիտակետերի տեղաբաշխում, որոնցում սահմանել են զինյալների հերթապահության գրաֆիկ: Զինյալները խիստ որոշված ժամերին ու հերթականությամբ իրենց դիտակետերից հսկել են գնդի տարածքը:
Այսպես, «Սասնա ծռերի» անդամներից Պավել Մանուկյանը, Մխիթար Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը, Վարուժան Ավետիսյանը հիմնականում գտնվել են գնդի հսկիչ անցագրային կետում՝ ինքնաձիգով և ատրճանակով զինված: Նրանք պարբերաբար շրջել են տարածքում, մյուս զինյալներին տվել են ուշադիր լինելու ու պատանդներին լավ հսկելու հանձնարարականներ՝ «ցուցադրաբար կարգադրելով վերջիններիս կողմից փախուստի փորձի դեպքում կրակ բացել»:
Խմբի անդամ Տիգրան Սարգսյանը հիմնականում դիրքավորվել և վերահսկել է գնդի տարածքի հետնամասի դարպասին հարակից տարածքը, իսկ օրվա ընթացքում՝ նաև պատանդներին:
Արթուր Մելքոնյանը, Էդգար Սողոմոնյանը, Գառնիկ Հովակիմյանը, Գևորգ Մելքոնյանը, Ռուբեն Գրիգորյանը և Արթուր Սողոմոնյանն Արմեն Լամբարյանի, Վարդան Գերավետյանի և Թորոս Թորոսյանի հետ, դիրքավորվելով գնդի եռահարկ շենքի 2-րդ և 3-րդ հարկերում, հսկել են և՛ գնդի տարածքը, և՛ դրան հարող տարածքները:
Խմբի մյուս անդամ Ռուբեն Գրիգորյանը փամփուշտները լիցքավորել է փամփշտատուփերում, տեղադրել ատրճանակների վրա ու ամեն պատուհանի տակ դրել է 1-2 ատրճանակ: Իսկ Գևորկ Իրիցյանը դիրքավորվել է գնդի տարածքին հարակից երկհարկանի բնակելի տանը, որտեղից հսկել է պատանդներին ու տարածքը և խմբի մյուս անդամներին տեղեկություններ հայտնել իրավապահ մարմինների տեղաշարժի և գործողությունների մասին:
Աշոտ Պետրոսյանը և Էդվարդ Գրիգորյանը հարձակման առաջին օրերին դիրքավորվել են գնդի դիմացի բնակելի տների տանիքներում, որտեղից հսկել են գնդի ներսում պահվող պատանդներին: Աշոտ Պետրոսյանը նաև շրջել է գնդի տարածքում, իսկ Էդվարդ Գրիգորյանը՝ գնդի ավտոպարկի տարածքում:
Պատանդներին պահելու գործում առավել աչքի են ընկել Արեգ և Սերգեյ Կյուրեղյանները, Տիգրան Մանուկյանը, Արայիկ Հակոբյանը:
Զավթածն ու պատանդներին ազատելը բռնությամբ խոչընդոտելու, նրանց տևական պահելու ուղղակի դիտավորությամբ» Գագիկ Եղիազարյանը խմբի անդամներին սովորեցրել է «Մոլոտովի կոկտեյլ» կոչվող հրդեհիչ խառնուրդով շշեր պատրաստելու ճիշտ եղանակն ու նրբությունները:
Արդյունքում Հովհաննես Հարությունյանն Էդվարդ Գրիգորյանի և խմբի այլ անդամների հետ գնդի ավտոտնտեսության տարածքում պատրաստել են «Մոլոտովի կոկտեյլներ», ապա Տիգրան Մանուկյանի, Թորոս Թորոսյանի հետ դրանք տեղաբաշխել գնդի տարածքի տարբեր հատվածներում: «Մոլոտովի կոկտեյլներ» տեղադրվել են նաև հսկիչ-անցագրային կետի մուտքի մոտ, որպեսզի կարողանան կանխել իրավապահների կողմից իրականացվելիք միջոցառումները:
Մեղադրական եզրաացության համաձայն, Հովհաննես Հարությունյանը նաև կազմակերպված խմբի անդամների մոտ եղած զենքերը բերել է մարտական վիճակի, լիցքավորել է փամփուշտները:
Ինչ վերաբերում է Սմբատ Բարսեղյանին, ապա վերջինը, ըստ մեղադրական եզրակացության, գնդի գրավման առաջին օրից՝ հուլիսի 17-ից մինչև 31-ը դիրքավորվել է գնդի տարածքում տեղակայված եռահարկ զորանոցի շենքի տանիքում և «հրացանի վրա առկա օպտիկական նշանառության սարքի միջոցով հսկել է գնդի տարածքը շրջապատած իրավապահ մարմինների գործողությունները, մյուս զինյալներին նախազգուշացրել ոստիկանական ուժերի շարժի մասին»:
Կազմակերպված խմբի անդամներն իրենց հենակետերից միմյանց հետ շփվել են ռադիոկապի միջոցներով:
Առաջին մաս
Երկրորդ մաս
Շարունակելի...