08/07/2017 15:48
Հայաստանը շախմատային գերտերություն է. Սմբատ Լպուտյան
Շախմատի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Սմբատ Լպուտյանն այսօր շախմատային ֆեդերացիայի հաշվետու-ընտրական կոնֆերանսին լրագրողների հետ զրույցում ասաց, որ հաշվետվությունը ներկայացնելիս ինքն էլ շատ անգամ զարմանում է, որովհետև բավական շատ են հաղթանակներն ու ձեռքբերումները:
«Իհարե, կան նաև որոշ բացթողումներ, բայց ընդհանուր առմամբ վստահ կարող եմ ասել, որ ուրախանալու շատ տեղ ունենք, որովհետև և՛ մասսայական ոլորտում, և՛մրցաշարերի հաղթանակներում և ձեռքբերումներում, և՛ նորամուծություններում Հայաստանը բավականին բարձր դիրքերում է, և եթե անկեղծ, կարծում եմ, որ Հայաստանը շախմատի ոլորտում աշխարհում ամենալավ վիճակում է», - ասաց Ս. Լպուտյանը:
ՀՀ շախմատային ֆեդերացիայի փոխնախագահն ասաց նաև, որ այս չորս տարիների ընթացքում 29 միջազգային մրցաշարեր են անցկացրել, ունեցել մոտ 120 հաղթանակ, որից 60-ում հայ շախմատիստներն առաջին տեղ են գրավել:
Սմբատ Լպուտյանը նշեց նաև, թե վստահաբար կարելի է ասել, որ Հայաստանը շախմատային գերտերություն է. «Ես համարում եմ, որ Հայաստանի շախմատային ֆեդերացիայի գործունեությունն այնպիսին է, որ օրինակելի է ամբողջ աշխարհի համար»:
Նա նշեց նաև, որ պետք չէ սահմանափակվել և պետք է նորից աշխատել մասսայականության վրա, պետք է փորձել ակումբների զարգացումն ուժեղացնել, բարձր տեխնոլոգիների հնարավորություններն օգտագործել շախմատի զարգացման որոշ ուղղություններով: