08/07/2017 09:29
2-3 օրից պարզ կդառնա Արագածոտնի մարզում տեղացած կարկուտի պատճառած վնասի չափը. ՀԺ
Նախորդ օրը Արագածոտնի մարզում տեղացած աննախադեպ կարկուտի պատճառած վնասի չափը դեռ պարզ չէ։ Այն վերջնական կհստակեցվի 2-3 օրից։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տեղեկացրել է Արագածոտնի մարզպետարանի գյուղվարչության պետ Յուրա Ազատյանը։
«Դեռ ուսումնասիրությունները չենք ավարտել, վնասի չափը պարզ չէ։ Արագածոտնում վնասվել են բոլոր տեսակի պտղատու այգիները, իսկ մնացած համայնքներում՝ բոլոր ցանքատարածությունները», - ասել է գյուղվարչության պետը։
Նախորդ օրը տեղեկացրել էինք, որ ուժգին կարկուտ է տեղացել Արագածավան, Սուսեր, Ցամաքասար և Մաստարա համայնքներում։ Կես ժամ տեղացած կարկուտը ըստ գյուղապետի՝ մոտ 70 տոկոս վնաս է հասցրել։ Առանձին համայնքներում որոշ մրգատու այգիներ մինչև 100 տոկոս ոչնչացվել են։
«Մեր գյուղում 1000 հեկտար վնասվել է։ Ամեն ինչ էլ ցանված է եղել 1000 հեկտարի վրա։ Ծիրանի, խնձորի, խաղողի այգիներ է եղել, հացահատիկ։ Ծիրանը ընդհանրապես ոչնչացրել է։ Մյուսները 70 տոկոս վնասվել են։ 60 տարվա մեջ նման կարկուտ դեռ չէր եկել։ Հատիկները շատ մեծ էին, մի կես ժամ եկավ», - ասել է Արագածավանի գյուղապետ Անդրանիկ Պապիկյանը։
Արագածոտնի մարզպետարանից հավաստիացնում են, որ մարզում 70 հակակարկտային կայան կա տեղադրված։ Սակայն նշյալ գյուղական համայնքների տարածքում դրանք բացակայում են։