08/07/2017 15:41
Սա ինձ համար մեծ փորձություն էր, ինչն էլ, կարծում եմ, հրաշալի եմ հաղթահարում. Արևիկ Ալավերդյանը կրկին Հայաստանում է
Ֆրանսիայում բնակվող երգչուհի Արևիկ Ալավերդյան-Շահբազյանը կրկին Հայաստանում է: Այցելության նպատակն այս անգամ և՛ գործնական է, և՛ անձնական: Երգչուհին Հայաստան է վերադարձել որդու և ամուսնու ընտանիքի հետ, օրեր անց էլ նրանց կմիանա ամուսինը:
«Երեկ, երբ տղաս դարձավ ուղիղ 7 ամսական, եկանք Երևան: Բոլորովին վերջերս էինք մեկնել Հայաստանից, սակայն այս անգամ ընտանիքով ենք եկել: Որոշել ենք այս ամառային հանգիստը Հայաստանում վայելել: Գալուս նպատակներից մեկն էլ այն է, որ երաժշտական ասպարեզում նորությամբ հանդես գամ: Բայց այդ մասին հիմա չեմ խոսի», - Aysor.am-ի հետ զրույցում նշեց Արևիկը:
Հարցին՝ դեռևս մեկ տարեկանը չբոլորած փոքրիկի համար երկար ու հաճախակի այս ճանապարհը հեգնեցուցիչ չէ՞, չի՞ բողոքում Դավիթը ուղևորություններից, պատասխանեց.
«Իսկապես, նրա հետ արդեն երկրորդ անգամ ենք Հայաստան գալիս: Հավատացեք, տղաս մեծ մարդու նման է տանում ճանապարհը: Իհարկե, նույնիսկ մեզ՝ մեծերիս համար այն հոգնեցուցիչ է, բայց, փառք Աստծո, դա նրան չի անհանգստացնում: Վստահ եմ՝ լավ ժամանակ կանցկացնի իր հայրենիքում»:
Ա. Ալավերդյան-Շահբազյանը որոշել է՝ ուժերը վերականգնելու և հանգիստը լիովին վայելելու համար այս ընթացքում որդուն կհանձնի տատիկ-պապիկի խնամակալությանը: Նկատառմանը՝ հիշում էր արդյոք Դավիթը նրանց, ինչպիսին էր հանդիպումը՝ ընդգծեց.
«Չեմ կարծում, որ հիշում էր, այն ժամանակ առավել փոքր էր: Բայց քանի որ շատ մարդամոտ է, միանգամից ընտելացավ: Պատրաստվում ենք այստեղ ամենալավ հանգիստն անցկացնել, տղայիս էլ տատիկ-պապիկն այս ընթացքում կվերցնեն իրենց խնամակալության տակ, որպեսզի ես էլ հանգստանամ (ժպտում է՝ հեղ.): Նրանք շատ երջանիկ են իրենց թոռնիկի գալուստով, արդեն մեծ տղա է, շփվում է ու շատ բան հասկանում»:
Երգչուհի մայրիկը որդու մոտ ամեն օր բնավորության մի նոր գիծ է հայտնաբերում:
«Դավիթս շատ աշխույժ է, մեկտեղ՝ հանգիստ ու հետաքրքրասեր: Ժամանակը գիտի… Նրա մոտ բնավորության նոր գծեր եմ նկատում ամեն օր. բարի է, շփվող, և որ ամենակարևորն է՝ ժպտերեսիկ: Բայց եթե մի բան դուրը չգա՝ օ՜յյյ: Ուզում եմ, որ նա, ամենակարևորը, լավ հայ մեծանա օտար երկրում: Իսկը իր հայրիկի նման», - նշեց նա:
Նախորդ տարվա դեկտեմբերից հետո Արևիկի կյանքում շատ բան է փոխվել: Մեծացել է պատասխանատվությունը՝ ավելացնելով մեկտեղ և՛ հոգսը, և՛ ուրախությունը:
«Կարելի է ասել՝ կյանքս ամբողջովին փոխվել է: Նախկինում երբեք իմ ուսերին մեծ պատասխանատվություն չեմ կրել, իսկ հիմա դա ունեմ. չէ՞ որ ավելի մեծ պատասխանատվություն, քան երեխան է, գոյություն չունի: Սա ինձ համար մեծ փորձություն էր, ինչն էլ, կարծում եմ, հրաշալի եմ հաղթահարում: Թեև, չեմ ժխտի, շատ-շատ դժվար է օտար երկրում նրան խնամել, իսկ ես նրա խնամքով միայնակ եմ զբաղվում: Հոգնում եմ, բայց երջանիկ եմ: Հնարավորինս փորձում եմ համատեղել, կարողանալ լինել լավ կին, մայր, ընկեր, զավակ: Բայց չժխտեմ, որ իր զբաղվածությամբ հանդերձ՝ ամուսինս ինձ շատ է աջակցում: Կարևորը, փորձում ենք մեր բալիկին երջանիկ մանկություն պարգևել», - ժպիտով նկատեց մեր զրուցակիցը:
Ֆրանսաբնակ ամուսինները տարվա մեջ մի քանի անգամ են Հայաստան այցելում: Նրանց հիմնականում երգչուհու ծնողներն են հյուրընկալում: Հարցին՝ չե՞ն մտածում այստեղ սեփական բնակարան ունենալու, Հայաստան մշտական տեղափոխվելու մասին, պատասխանեց.
«Ամուսինս շատ է սիրում Երևանը, միշտ ասում է՝ թոշակառու դառնանք, տեխափոխվելու ենք Երևան (ծիծաղում է՝ հեղ.)… Մտածում ենք այստեղ տուն գնելու մասին, բայց, կարծում եմ, նույնիսկ այդ ժամանակ գալու դեպքում կցանկանանք մնալ ծնողներիս տանը»: