10/07/2017 14:07
Քանի դեռ Ադրբեջանը չի կատարում միջազգային պարտավորությունները, Ադրբեջանի ղեկավարությունն է կրում սադրանքների ողջ պատասխանատվությունը. Նալբանդյան
Հուլիսի 10-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Քիշնևում մասնակցել է Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որին ներկա են եղել Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան-Կրիստոֆ Բեյաղը։
Մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, արձագանքելով Ադրբեջանի պատվիրակության ղեկավարի՝ ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ մեկնաբանություններին, Էդվարդ Նալբանդյանը, մասնավորապես, շեշտել է. «Կրկին Ադրբեջանի ներկայացուցիչները, չարաշահելով այս հարթակը, օրակարգի թեմայի՝ Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության մասին խոսելու փոխարեն հանդես են գալիս սադրիչ հայտարարություններով»։
Նա նշել է, որ անվտանգությունը մեր տարածաշրջանում շարունակում է վտանգված լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում Ադրբեջանից մշտապես հնչող ուժի կիրառման սպառնալիքների պատճառով:
«2016թ.-ի ապրիլին Ադրբեջանը լայնամասշտաբ ագրեսիա սանձազերծեց Արցախի դեմ, որն ուղեկցվեց միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով, քաղաքացիական բնակչության, ներառյալ երեխաների, կանանց ու ծերերի նկատմամբ իրականացված վայրագություններով, զոհվածների մարմինների խոշտանգումներով, ԴԱԵՇ-ի ոճով գլխատումներով»,-ասել է Է. Նալբանդյանը։
«Հուլիսի 4-ին Ադրբեջանի ղեկավարությունը կրկին, տխրահռչակ ահաբեկչական կազմակերպությունների ոճով, ինչպես շատ անգամ դրանից առաջ, իր ժողովրդին որպես կենդանի վահան օգտագործեց` Լեռնային Ղարաբաղը ծանր հրետանիով, ներառյալ TR-107 համազարկային հրթիռային համակարգով ռմբակոծելու համար։ Ի պատասխան, ԼՂ պաշտպանական բանակը ստիպված էր ադրբեջանական կողմի ագրեսիվ գործողությունների դեմ ինքնապաշտպանության դիմել»,-նշել է ՀՀ արտգործնախարարը։
Նա ընդգծել է՝ քանի դեռ Ադրբեջանը չի կատարում 1994-1995թթ. զինադադարի եռակողմ համաձայնագրերով ստանձնած իր միջազգային պարտավորությունները, հրաժարվում է իրականացնել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունները, հատկապես զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ, որը կարող է նաև կանխարգելման մեխանիզմ հանդիսանալ, ապա հենց Ադրբեջանի ղեկավարությունն է կրում իր սադրանքների հետևանքների համար ողջ պատասխանատվությունը: