10/07/2017 18:06
Տարոն Մարգարյանի նորանշանակ խորհրդական Գոռ Վարդանյանը կոռեկտ չի համարում քաղաքապետին խորհուրդներ տալը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ խորհրդականներին և օգնականին: Խորհրդականի պաշտոնում է նշանակվել նաև Գոռ Վարդանյանը, ով, ի դեպ, Խորհրդարանական ընտրությունների ընթացքում սատարում էր ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանին: Նա կհամակարգի աշխատակազմի սպորտի բաժնի աշխատանքները:
Aysor.am-ի առաջին իսկ ճշտող հարցը՝ ի պաշտոնե ո՞րն է լինելու նրա գործնական խորհուրդը քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ նորանշանակ խորհրդականը ոչ կոռեկտ համարեց: Ղեկավարին ուղղված «խորհուրդ» բառը, հավանաբար, նրա մոտ ոչ ճիշտ ասոցիացիաներ առաջացրեց:
«Ի՞նչ է նշանակում՝ ի՞նչ խորհուրդ եք տալիս, դա կոռեկտ հարց չէ… Իսկ թե ի՞նչ աշխատաոճ եք սպասում ինձանից, ապա կարծում եմ՝ ժամանակը կգա ու դուք ձեր բոլոր հարցերի պատասխանը կստանաք: Ես չեմ սիրում ծրագրերիս մասին նախապես խոսել: Ես այն ժամանակի ընթացքում կկազմեմ ու կկազմակերպեմ: Համակարգելու եմ Երևան քաղաքում սպորտային գործունեությունը, միջոցառումները, ու բոլոր սպորտաձևերը կունենան զարգացվածություն: Անելու ենք առավելագույնը՝ մեր երեխաների ու երիտասարդների շրջանակում սպորտն առավել զարգացնելու ուղղությամբ», - նշեց մեր զրուցակիցը:
Հարցին՝ իր կարծիքով որքանո՞վ է Երևանում սպորտային կյանքն ակտիվ, ո՞ր սպորտաձևերն են նպաստում առողջ ապրելակերպին, և արդյոք շեշտը առաջնահերթ հենց դրանց զարգացմանը կուղղվի, պատասխանեց.
«Կան սպորտաձևեր, որոնք ակտիվություն ունեն, կան այնպիսիք էլ, որոնք առավել պասիվ են: Պարզապես պետք է ճիշտ ծրագիր կազմվի, որպեսզի բոլոր սպորտաձևերը ճիշտ զարգանան: Ամենակարևորն այն է, որ ծանոթանամ բոլոր սպորտաձևերի ներկայացուցիչների հետ, նրանց համախմբեմ, որպեսզի թիմային աշխատանք կատարենք: Ինչ վերաբերում է առողջ ապրելակերպին, ապա բոլոր սպորտաձևերն էլ, եթե պրոֆեսիոնալ չեն, ուրեմն առողջության համար են: Ամեն ինչ պետք է անենք, որ մեր քաղաքում սպորտը մասսայական բնույթ կրի»:
Ի դեպ, Երևանի քաղաքապետի ևս մեկ խորհրդական նշանակված Վահագն Վերմիշյանը և օգնական Խաչիկ Պողոսյանը պաշտոնավարելու են հասարակական հիմունքներով: Aysor.am-ի հարցին՝ իր աշխատա՞նքն էլ է հասարակական հիմունքներով, Գ. Վարդանյանը կարճ պատասխանեց՝ «նման կարգի»:
Զրույցի վերջում էլ ցանկություն ու հույս հայտնեց՝ լրատվամիջոցները շարունակեն հետևել և լուսաբանել իրենց աշխատանքները՝ այդկերպ փորձելով մեկտեղ հասնել ցանկալի արդյունքի: