10/07/2017 16:35
Երեխաներն այս ամենը միայնակ չեն կարող հաղթահարել. ուռուցքաբանը՝ մանկական քաղցկեղի և մեսիջ-տեսահոլովակի մասին
Օրերս համացանցում հայտնվեց հայ աստղերի մասնակցությամբ «Դե ժպտա» տեսահոլովակը, որի գլխավոր հերոսները դարի չարաբաստիկ հիվանդության դեմ պայքարող հայ հերոս փոքրիկներն են: Aysor.am-ի հետ զրույցում ԵՊԲՀ Մուրացան Հիվանդանոցային Համալիրի Քիմիաթերապիայի կլինիկայի մանկական ուռուցքաբան, արյունաբան Գևորգ Թամամյանը նկատեց՝ սա հերթական տեսահոլովակ չէ, խորը իմաստ ու կարևոր ասելիք, մի քանի հաղորդագրություններ ունի:
«Այսկերպ նաև ցույց ենք տալիս, որ մանկական քաղցկեղը բուժելի է, կյանքի ու մահվան կռիվ տվող երեխաններն այդ ծանր փորձությունը անցնելիս ու հաղթահարելիս ժպտում են, այնինչ շատերս մեր առօրյայում հանդիպած ամենափոքր փորձության պարագայում անգամ ընկճվում ու լացում ենք: Բայց չէ՞ որ առօրյա շատ խնդիրներ այս հիվանդության առջև զրոյանում են… Ի վերջո, քանի որ այս ամենը միշտ ներկայացվում է ավելի տխուր գույներով, փորձ արվեց ավելի ուրախ տոնայնություն տալ: Տեսահոլովակի գլխավոր նպատակը մարդկանց մոտ ձևավորված կարծրատիպերի, թե իբր մանկական քաղցկեղը չի բուժվում, այն դատավճիռ է, փոփոխությունն է: Իսկ տեսահոլովակի ամենակարևոր մեսիջը այս խնդրի շուրջ հասարակության համախմբումն է: Պետք է միասնական լինել ու գիտակցել՝ երեխաներն այս ամենը միայնակ չեն կարող հաղթահարել, նրանք բոլորիս օգնության կարիքն ունեն. մեկը կարող է ժպիտով օգնել, մեկը՝ լավ խոսքով, մեկ ուրիշը՝ ֆինանսով կամ ուշադրություն արտահայտող փոքրիկ նվերով», - ընդգծեց մանկական ուռուցքաբանը:
Մտահղացումը ծնվել է ԵՊԲՀ Մուրացան Հիվանդանոցային Համալիրի Քիմիաթերապիայի կլինիկայի բժիշկների մոտ: Նրանք այդ մասին հայտնել են հիվանդանոցում գտնվող փոքրիկների լավագույն բարեկամ դերասան Մկրտիչ Արզումանյանին, ով այս տարիների ընթացքում կլինիկայի և՛ բժիշկների, և՛ փոքրիկների լավագույն ընկերն է դարձել: Դերասանը սիրով է հանձն առել իրականացնել գաղափարը: Երգի ու տեսահոլովակի նկարահանման, կազմակերպչական բոլոր հարցերով անձամբ է զբաղվել՝ ներգրավելով իր ընկերներին:
Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված սիրված դերասանի կապը Մուրացան Հիվանդանոցային Համալիրի Քիմիաթերապիայի կլինիկայի հետ, մեր զրուցակիցը նկատեց.
«Առաջին հերթին՝ իր մարդ տեսակով: Շատ դեպքերում մենք տեսնում ենք՝ երբ մարդը մի բարեգործություն կամ լավ բան է անում, այդ մասին միանգամից հայտարարվում ու տարածվում է ԶԼՄ-ներով: Իսկ այս դերասանն այդ ամենը լռակյաց է անում, սեփական հանգստության համար: Չեք պատկերացնի, թե երեխաները որքան են նրան սիրում, ինքն էլ տեղիք չի տալիս, որ իրեն կարոտեն: Իր ամեն գալը փոքրիկների համար կարծես մի տոն լինի»:
Երգիչների ու փոքրիկների «ժպտացող» տեսահոլովակի մեկնաբանության համար նախանշված դաշտում երբեմն քննարկումներ են ծավալվում՝ ո՞ր արտիստն է առավել անկեղծ ժպտում, հե՞շտ, թե՞ դժվար էր փոքրիկներին ժպիտ պարգևելը, առանձնահատուկ ջանքեր պահանջվե՞լ են նրանց ժպտացնելու համար…
«Վստահ եմ՝ սա այն թեման է, երբ բոլոր արտիստներն էլ անկեղծ էին: Այլ կերպ չէր կարող լինել… Ինչ վերաբերում է երեխաներին, հավատացեք, ոչ-ոք նրանց չի ստիպել, որ ժպտան: Ու երևի տեսահոլովակի հաջողության գաղտնիքներից մեկն էլ այն էր, որ բոլորն անկեղծ էին ժպտում: Փոքրիկները մեծ հաճույքով մասնակցեցին ու իրենց էմոցիաները ցույց տվեցինք», - հավատացրեց բժիշկը:
Տեսահոլովակում նկարահանված երեխաների ծնողներից որևէ մեկն այս նկարահանմանը դեմ չէր:
Շատերի կարծիքով՝ տեսահոլովակի պարուհիները տվյալ հիվանդանոցի բուժքույրերն էին: Սակայն Գ. Թամամյանը ժպիտով հերքեց՝ բժիշկներն ընդամենը մի քանի կադրում են երևացել, բայց ոչ երգել են, ոչ էլ պարել:
«Դե ժպտա» տեսահոլովակ-նախագիծը, որը հոգատարության և ուշադրության, լավատեսության և կենսասիրության մի ինքնատիպ հաղորդագրություն է, հնարավոր է՝ շարունակություն ունենա: Ինչպես Aysor.am-ի զրուցակիցը նկատեց՝ նման մեսիջների կարիք միշտ կա:
«Մենք՝ մասնագետներս, միշտ փորձում ենք տարբեր հարթակներից հասարակությանը տեղյակ պահել խնդրի մասին: Այս հարցազրույցն էլ նմանատիպ մի հարթակ է: Չգիտեմ՝ տեսահոլովակի տեսքով կշարունակե՞նք «խոսել», թե ոչ, բայց հուսով եմ, որ լավ ու օգտակար շարունակություն կունենա… Պարզապես, շարունակությունը չպետք է ինքնանպատակ լինի, նոր մեսիջը պետք է հասունանա», - ընդգծեց նա:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վիճակագրական տվյալների համաձայն` մինչև 14 տարեկան երեխաների շրջանում աշխարհում տարեկան գրանցվում է չարորակ ուռուցքով հիվանդացության 215 հազար նոր դեպք, 15-ից 19 տարեկանների շրջանում՝ 85 հազար: ԱՀԿ մասնագետների կարծիքով` ժամանակին ախտորոշում և բուժում ստանալու պարագայում չարորակ ուռուցքների 80%-ը բուժվում է: Մեր երկրում այս թիվը տատանվում է 65%-ից 70%-ի սահմաններում:
Հայաստանում տարեկան գրանցվում է մանկական քաղցկեղի 50-ից 60 նոր դեպք, որոնցից առավել տարածված են արյան չարորակ հիվանդությունները՝ լեյկեմիաներն ու լիմֆոմաները: Դրանց հաջորդում են գլխուղեղի չարորակ ուռուցքները, ոսկրերի, երիկամի և այլն… Մեր զրուցակցի վստահեցմամբ՝ երեխաների շրջանում հիվանդությունը տարեցտարի ակտիվացման միտում չունի:
«Ցավոք, Հայաստանում լուրջ վիճակագրական հետազոտություններ դեռևս չկան: Բայց որոշակի փոքրիկ հետազոտությունները, ինչպես նաև Առողջապահության նախարարության և Առողջապահության ազգային ինստիտուտի տվյալները ցույց են տալիս, որ մանկական քաղցկեղի աճ չի գրանցվում, նման խոսակցություններն իրականությանը չեն համապատասխանում: Պարզապես, ի ուրախություն մեզ, դրա մասին սկսել են առավել շատ խոսել, ինչը հասարակությանն առավել իրազեկ է դարձնում խնդրին», -նկատեց նա:
Թե ինչո՞վ է պայմանավորված հատկապես երեխաների մոտ արյան քաղցկեղի առաջացումը, որոնք են նպաստող հիմնական բաղադրիչները, դժվարացավ պատասխանել.
«Մանկական քաղցկեղի առաջացման պատճառները հիմնականում հայտնի չեն: Եթե մեծահասակների դեպքում շատ անգամ գիտենք, որ, օրինակ, թոքերն են լուրջ ռիսկային գործոն համարվում, 70-80 տոկոսով հնարավոր է կանխարգելել քաղցկեղը՝ չծխելով և հետևելով ճիշտ սննդակարգին, ապա այս դեպքում պատճառները մեծամասամբ անհայտ են: Իհարկե, աֆրիկյան որոշ երկրներում ամենատարածված տեսակը լիմֆոման է, ինչը պայմանավորում են այդ տարածաշրջանում որոշ վիրուսների առկայությամբ»:
ԵՊԲՀ Մուրացան Հիվանդանոցային Համալիրի Քիմիաթերապիայի կլինիկայում այսօր տարբեր տարիքի երեխաներ են բուժվում: Այս տարվա ամենափոքրիկ հիվանդը 4 ամսական է:
«Ի ուրախություն մեզ՝ 4 ամսական բալիկն արդեն բուժվել է և տանն է, թեև մի որոշ շրջան շարունակելու է մնալ մեր հսկողության տակ: Ուզում եմ՝ բոլոր երեխաները առողջ լինեն ու միշտ ժպտան», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց մանկական ուռուցքաբան, արյունաբան Գևորգ Թամամյանը: