11/07/2017 15:59
Ամեն ինչ կախված է նախարարների հանդիպումների արդյունքներից. Շարմազանովը՝ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման մասին
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովն այսօր Բրյուսելում հանդիպում կունենան։
Թե ի՞նչ կարելի է ակնկալել արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպումից, Aysor.am-ը զրուցել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ։
- Պարոն Շարմազանով, երկար դադարից հետո այսօր կհանդիպեն Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները։ Ի՞նչ սպասել այս հանդիպումից։
- Հայկական կողմը, Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ, կներկայացնի իրավիճակի ողջ իսկությունը և ևս մեկ անգամ կներկայացնի հայկական կողմերի գնահատականները։ Մեր թիվ մեկ խնդիրն է, որպեսզի Ադրբեջանը վերադառնա կառուցողական փուլ, եթե, իհարկե, որևէ անգամ եղել է այդ փուլում, բայց վերադառնա հարաբերական կառուցողական փուլ, որպեսզի իրականացնի Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, որովհետև արդեն մեկ տարի է անցել հանդիպումներից, և այն, ինչ որոշվել է այդ հանդիպումների ընթացքում, Ադրբեջանը փաստացի հրաժարվում է: Եվ եթե միջնորդները չկարողանան այնպես անել, որպեսզի Ադրբեջանը համաձայնվի գործնականում քայլեր ձեռնարկի վստահության մեխանիզմների ներդրման համար, բնականաբար, լարվածությունը կշարունակվի։
- Պարոն Շարմազանով, շատ է խոսվում այն մասին, որ սա հերթական, ոչինչ չփոխող հանդիպումն է լինելու, Ադրբեջանը շարունակելու է վարել նույն քաղաքականությունը, իսկ Մինսկի խումբը միայն հայտարարություններով է հանդես գալու։
- Երկար ժամանակ է՝ հանդիպում չի եղել, ամեն դեպքում, հանդիպելն ավելի լավ է, քան՝ չհանդիպելը։ Դիվանագիտությունը հանդիպումներ է պահանջում, խնդիրներց մեկը խաղաղ բանակցություններն են, բանակցություններից խուսափում է նա, ով ասելիք չունի, մենք երբեք հանդիպումներից չենք խուսափել, մենք միշտ պատրաստ ենք հանդիպումների, որովհետև երբեք չենք մերժել Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում ընդունված սկզբունքները, մենք երբեք մեր առջև դրած պարտավորություններից չենք հրաժարվել, ինչն արել է Ադրբեջանը։ Չբանակցելու այլընտրանքը դա պատերազմն է, ի վերջո, ցանկացած խնդիր լուծվում է բանակցությունների միջոցով։ Բանակցել չի նշանակում ջան ասել, ջան լսել, բանակցել նշանակում է ներկայացնել տեսակետները և հնարավորինս մոտեցնել տեսակետները, որպեսզի տարածաշրջանում լինի կայունություն։ Այսօրվա թիվ մեկ խնդիրը ոչ թե նոր փաստաթուղթ քննարկելն է, ոչ թե շրջանակային համաձայնագրի հարցերն է, այլ՝ հնարավորինս մեղմել լարվածությունն առաջնագծում՝ ներդնելով այն մեխանիզմները, որի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել։
- Նախագահների մակարդակով հանդիպման մասին կարելի՞ է խոսել, թե՞ դեռ վաղ է։
- Ամեն ինչ կախված է նախարարների հանդիպումների արդյունքներից, շատ բան կախված է նրանից, թե ինչպիսի ընթացք ու արդյունք կունենա Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը։ Հնարավոր է՝ այս հանդիպումների արդյունքում ավելի կոշտանան դիրքորոշումները, հնարավոր է, դիրքորոշումներն ավելի մոտենան Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի մասով: Սպասենք հանդիպմանը, հանդիպման ավարտին, համանախագահների գնահատականներին, հայկական կողմի ու, ինչու չէ, ադրբեջանցիների գնահատակններին, վաղն արդեն ամեն ինչ ավելի որոշակի ու տեսանելի կլինի։