11/07/2017 17:39
Մերի Քոչարյանը՝ «Նվագախմբի երեխաները» բազմասերիանոց ֆիլմի, խաղընկերների և նկարահանման դժվարությունների մասին
«Նվագախմբի երեխաները». հենց այսպես է կոչվում Յուքոմ ցանցում գործող Արմենիա Պրեմիում հեռուստաալիքի համար պատրաստվող մանկապատանեկան երաժշտական բազմասերիանոց ֆիլմը, որը հեռուստադիտողի դատին կհանձնվի աշնանային նոր եթերաշրջանում: Aysor.am-ի հետ զրույցում նախագծի մասնակից, պատանի երգչուհի Մերի Քոչարյանը մանրամասնեց՝ մյուզիքլում գործողությունները զարգանում են երաժշտական դպրոցում, որտեղ իրենց ուսումնառության ընթացքում հերոսները հաջողացնում են հայտնվել տարատեսակ զվարճալի ու խնդրահարույց իրավիճակներում, ինչից դուրս գալու համար ստիպված են ցուցաբերել միասնականություն, հնարամտություն ու կամքի ուժ:
«Իմ կերպարը խելացի ու հավասարակշռված աղջնակ է։ Նա ունի քույր, ով իր հակապատկերն է, շատ ավելի ազատ ու նորաձևություն սիրող տեսակ է։ Երկու քույրերը միմյանց հետ միշտ կոնֆլիկտի մեջ են», - նշեց մեր զրուցակիցը:
Հարցին՝ ի՞նչ ընդհանուր գծեր ունեն միմյանց հետ ինքն ու իր հերոսուհին, պատանի երգչուհի-դերասանուհին խոստովանեց.
«Ընդհանուր գծեր կարելի է գտնել, սակայն առանձնապես նման չենք: Կյանքում ավելի կենսուրախ ու ոչ կոնֆլիկտային եմ»:
Սա Մերիի դերասանական երկրորդ փորձն է: Նկատառմանը՝ այդ հանգամանքը, որպես դերասանուհի, հեշտացրե՞լ է նրա գործը, հանդիպել է արդյոք դժվարությունների, թե ոչ, ժպիտով պատասխանեց.
«Եթե ասեմ, որ ամեն ինչ հեշտ է, այնքան էլ ճիշտ չի լինի, բայց վախս մի փոքր քչացել է: Առավել բարդն առաջին սերիան էր, երբ հստակ չգիտեի, թե ինչ է ինձ սպասվում իրականում: Հիմա միայն հաճույք է լինել նկարահնման հրապարակում, երեխաների ուրախ միջավայրում: Անհամբեր սպասում եմ եթերին և մարդկանց արձագանքներին»:
Մյուզիքլում Մ. Քոչարյանն օգտագործել է նաև իր երաժշտական հմտությունները: Երեխաները բազմաթիվ երգեր են կատարում, որոնք, հավանաբար, կսիրվեն ու մեծ տարածում կգտնեն հայ մանուկների շրջանում:
«Այս նկարահանումները միայն օգնում են, որ ես ու մյուս երգիչ խաղընկերներս ավելի լավ երգենք: Չէ՞ որ մեզ հետ աշխատում են փորձառու մասնագետներ», - ընդգծեց նա:
Թե ո՞ւմ հետ է սկսնակ դերասանուհին ցանկանում հայտնվել նկարահանման հրապարակում, խոստովանեց՝ Մկրտիչ Արզումանյանի և Սոս Ջանիբեկյանի:
Նախագիծն իրականացնում են «ArmStar» և «Ucom» ընկերությունները։ Ֆիլմի ռեժիսորը Գրիգոր Վահրամյանն է:
Նկատելի է, որ այս նախագծով հեռուստադաշտում սերնդափոխություն է տեղի ունեցել. տարբեր ոլորտների ճանաչված ու սիրված առաջատարներին փոխարինելու են եկել իրենց զավակները. Մերի Քոչարյանը ֆուտբոլիստ Արթուր Քոչարյանի դուստրն է, նկարահանվել են նաև Աշոտ Ղազարյանի թոռնուհին՝ Անահիտ Ադամյանը, Մկրտիչ Արզումանյանի որդին՝ Ալեքսանդրը, Գրիգոր Դանիելյանի ավագ որդին՝ Ալբերտոն, դերասանուհի Աննա Մանուչարյանի դուստրը՝ Արփին, և երգչուհի Դալիթան:
Բացի հայտնիների երեխաներից, նախագծում ընդգրկված են նաև այնպիսի երեխաներ, ովքեր թեև դեռևս ճանաչում չունեն, սակայն ոչնչով չեն զիջում տարեկից գործընկերներին:
«Սցենարական մեծ թիմ է աշխատել այստեղ: Նկարահանման հրապարակում մթնոլորտը ջերմ է, քանի որ կողք կողքի աշխատում են հրաշալի մարդիկ: Նկարահանումներն անցնում են շատ հետաքրքիր և զվարճալի, խաղընկերներիցս բոլորն իմ ընկերներն են, գրեթե բոլորի հետ մինչև մյուզիքլը ծանոթ եմ եղել։ Բավականին հեշտ է նրանց հետ համագործակցելը», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Մերի Քոչարյանը:
Նկարահանումները տեղի են ունենում հատուկ այդ նպատակով Արմենիա հեռուստաընկերությունում պատրաստված հսկայական գունեղ տաղավարում: