11/07/2017 13:19
Հայաստանում մասսայական սպորտի զարգացմանը կաջակցի Չինաստանը
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը և Չինաստանի դեսպան Թիան Էրլունը ստորագրել են պայմանագիր՝ Հայաստանում մասսայական սպորտի զարգացմանը Չինաստանի աջակցության վերաբերյալ:
«Վստահ եմ, որ սա առայժմ մեր համագործակցության մեկնարկն է, որը լինելու է շարունակական և տալու է ցանկալի արդյունք՝ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում զարգացնել մասսայական սպորտը և տարածել առողջ ապրելակերպի գաղափարները», - ասել է Հ. Ռոստոմյանը:
Դեսպան Թիան Էրլունը նշել է, որ Չինաստանում ավանդաբար մեծ նշանակություն է տրվել մասսայական սպորտին, և ինքն ուրախ է, որ այս համագործակցությունը կօգնի հատկապես Հայաստանի մարզերում մարզվողների թվի ավելացմանը և բնակչության շրջանում առողջ ապրելակերպի գաղափարների արմատավորմանը:
Այս փուլում նախատեսվում է մարզահրապարակներ կառուցել ՀՀ Լոռու մարզի Վանաձոր, Սյունիքի մարզի Կապան և Տավուշի մարզի Իջևան քաղաքներում:
«Նախարարության կողմից հետևողական աշխատանք է տարվելու հաջորդ երկու տարիների ընթացքում նմանատիպ նաև մյուս բոլոր մարզերում մարզահրապարակներ ունենալու համար», - նշել է Հ.Ռոստոմյանը։