12/07/2017 12:29
ԼՂ խնդրի կարգավորման հարցում հայկական կողմը պետք է շարունակի կոշտ դիրքորոշումը. Շարմազանով
Արցախա-ադրբեջանական հակամարտությունը նոր փուլ է թևակոխել, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Ադրբեջանը պարբերաբար սրում է իրավիճակը շփման գծում, իրականացնում է դիվերսիոն գործողություններ, սեփական բնակչությանն օգտագործում է որպես կենդանի վահան», - նշեց նա։
Ինչ վերաբերում է երեկ տեղի ունեցած Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարաների հանդիպումից հետո ԱԺ փոխնախագահը երեք կետ է առանձնացրել։
«Համանախագահները ևս մեկ անգամ վերահաստատում են բացառապես բանակցությունների միջով խնդրի կարգավորումը», - նշեց Է. Շարմազանովը։
Նրա դիտարկմամբ՝ երկրորդ կետն այն էր, որ հայկական կողմը ևս մեկ անգամ հաստատում է, որ առանց Վիենենայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածության անհնար է առաջընթաց ապահովել բանակցություններում։
«Երրորդը, որ Ադրբեջանը գործնականում չի իրականացնում Վիեննայի ու Պետերբուրգի պայմանավորվածությունները», - ասաց նա՝ ավելացնելով, որ հայկական կողմը պետք է շարունակի կոշտ դիրքորոշումը։
«Միջազգային հանրությունը պետք է ճանապարհներ փնտրի, որ Ադրբեջանը պայմանավորվածությունները կատարի», -ընդգծեց Է. Շարմազանովը։