12/07/2017 12:46
Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքը չպետք է խոչընդոտի Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների խորացմանը. Շարմազանով
Ադրբեջանն այն պետությունը չէ, որին կարելի է զենք վաճառել, անդրադառնալով Ադրբեջանին ռուսական զենք մատակարարելուն, լրագրողների հետ հանդպմանն ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
«Զենք վաճառում են այն երկրներին, ովքեր նպատակ ունեն այն օգտագործելու ինքնապաշտպանության համար», - նշեց նա։
Է.Շարմազանովի խոսքով՝ դա, սակայն, չպետք է խոչընդոտի հայ-ռուսական ռազմավարական, ռազմաքաղաքական հարաբերությունների խորացմանը։
«Ռուսաստանի հետ մենք ունենք իրավապայմանագրային շատ լուրջ բազա, պաշտպանության ոլորտում շատ լուրջ համագործակցություն ենք ապահովել ու ապահովում», - ասաց նա։
ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ այս պահին Հայաստանն ու Ռուսաստանն իրականացնում են դաշնակցային գործընկերության պայմանագրի բոլոր դրույթները:
«Մեկ անգամ չէ, որ մեր դժգոհությունը հայտնել ենք, բայց մենք հայ-ռուսական հարաբերությունները չպետք է պայմանավորենք միայն ռուս-ադրբեջանական հարաբերություններով», - ասաց Է. Շարմազանովը։