12/07/2017 13:00
Աբխազիայով և Հարավային Օսիայով անցնող առևտրային միջանցքի կառուցումը կհեշտացնի բեռնափոխադրումների գործընթացը. Նախարար
Աբխազիայով և Հարավային Օսիայով անցնող առևտրային միջանցքի կառուցումը Հայաստանի համար կհեշտացնի բեռնափոխադրումների գործընթացը, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:
«Դա շարունականան բնույթ է կրում և առաջինը կախված է ռուս-վրացական հարաբերություններից: Երկու կողմից էլ աշխատանքներ են տարվում», - ասաց նախարարը՝ նշելով, որ մոտ ժամանակներում կլինի արդյունք:
Aysor.am-ի թղթակցի դիտարկմանը, թե արդյոք Հայաստանը կներգրավվի բանակցություններում, նախարարը նշեց. «Ռուս-վրացական-շվեյցարական աշխատանքային խումբն աշխատում է: Վերջին հանդիպումը եղել է Պրահայում և տարբեր հանդիպումների ընթացքում հավանաբար կլինեն առաջարկներ»:
Դիտարկմանը, թե դրա արդյունքում ապրանքաշրջանառությունը կավելանա՞, նախարարը նշեց, որ կլինի ալտերնատիվ ճանապարհ, բեռնափոխադրուները կհեշտանան, կլինի մրցակցություն՝ որ ճանապարհով գնա ապրանքը, ինչը կհանգեցնի նաև գների տարբերության թե՛ ներմուծումից, թե՛ արտահանումից:
Հարցին, թե առևտրային միջանցքները կներառեն նաև աբխազական երկաթուղին, նախարարը նշեց, թե այդ մասով դեռևս հստակություն չկա` ընդգծելով, որ բոլոր քննարկումները զուգահեռ ընթանում են:
Ինչ վերաբերում է առևտրային միջանցքի ստեղծման վերջնաժամկետին, նախարարը նշեց. «Մենք միայն կարող ենք հուսալ, որ դա կլինի շատ արագ»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Պրահայում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինն ու Վրաստանի վարչապետի պաշտոնական ներկայացուցիչ, դեսպան Զուրաբ Աբաշիձեն համաձայնության են եկել կյանքի կոչել 2011 թվականին ստորագրված «առևտրային միջանցքների մասին» համաձայնագիրը, որն անցնում է Աբխազիայիով և Հարավային Օսիայով: