12/07/2017 01:22
Եռանախագահներն առաջարկել են այս տարվա ընթացքում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը
Հուլիսի 11-ին Բյուսելում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի և Ռիչարդ Հոգլանդի նախաձեռնությամբ, որին ներկա էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։
Հանդիպմանը շարունակվեցին ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծման շուրջ քննարկումները, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Էդվարդ Նալբանդյանը ընդգծեց շփման գծում իրավիճակի կայունացման անհրաժեշտությունը ու այդ նպատակով շեշտեց Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը:
Եռանախագահները արտգործնախարարներին խնդրեցին նախագահներին փոխանցել իրենց առաջարկը այս տարվա ընթացքում գագաթաժողովի կազմակերպման վերաբերյալ։
Պայմանավորվածություն ձեռք բերվեց արտգործնախարարների հաջորդ հանդիպումը անցկացնել ս.թ. սեպտեմբերին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում։