12/07/2017 14:32
Արցախի նախագահի պաշտոնի համար կպայքարեն Բակո Սահակյանն ու Էդուարդ Աղաբեկյանը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Շարժում-88» խմբակցությունը ԼՂՀ նախագահի պաշտոնում առաջադրել է խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանի թեկնածությունը։
«Խմբակցույթունն առաջադրում է իմ թեկնածությունը։ Երեկ երեկոյան խմբակցության վարչության նիստից հետո առաջադրման վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը հանձնել ենք», - Aysor.am-ին ասաց Էդուարդ Աղաբեկյանը։
Արցախի Հանրապետության ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն, խմբակցությունների կողմից նախագահի թեկնածուի առաջադրման վերջնաժամկետը հուլիսի 12-ն է:
Մյուս երեք՝ «Հայրենիք», «Ժողովրդավարություն» և «Դաշնակցություն» խմբակցությունները առաջադրել են գործող նախագահ Բակո Սահակյանի թեկնածությունը:
«Վերածնունդ» խմբակցությունը դեռ որոշում չի կայացրել: Խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանն Aysor.am-ին ասաց, որ կուսակցությունը դեռևս առաջադրումներից առաջ նիստ էր արել և որոշել, որ դեմ է քվեարկելու Բակո Սահակյանի թեկնածությանը։
Առաջադրման ավարտից հետո 24 ժամվա ընթացքում կհրապարակվի ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Հանրապետության նախագահի թեկնածուների, ինչպես նաև ընտրության անցկացման օրվա և ժամի մասին: