13/07/2017 11:12
Երեք ամիսը շատ չի՞ մի քիչ. Վարչապետն՝ Արծվիկ Մինասյանին
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը բնապահպանական փորձաքննության կատարելագործման անհրաժեշտության վերաբերյալ հանձնարարական տվեց։
«Ներկայումս գործող շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության օրենսդրական կարգավորումներում անհրաժեշտ է վերանայել ընթացիկ գործունեությունների դասակարգումը, ֆինանսավորման աղբյուրները, ժամկետները և ընթացակարգերը», - ասաց վարչապետը։
Նա նշեց, որ շրջակա միջավայրի բնագավառում պահանջվում է պատշաճ, կանխատեսելի ժամկետնրում իրականցում՝ ըստ միջազգային լավագույն չափանիշների։
Կարեն Կարապետյանը ՀՀ բնապահպանության նախարարին հանձնարարեց երեքամսյա ժամկետում մշակել ու կառավարության աշխատակազմ ներկայացնել հանրապետության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ու փորձաքննության մասին օրենքում փոփոխություններ կատարելու ու բնապահպանական փորձաքննության ոլորտում ինստիտուցիոնալ, կադրային և կառուցվածքային կատարելագործմանն ուղղված առաջարկություններ։
«Պարոն Մինասյան, երեք ամիսը շատ չի՞ մի քիչ», - Արծվիկ Մինասյանից հետաքրքրվեց վարչապետը։
«Կարող ենք մեկ ամսվա ընթացքում էլ անել, պարոն վարչապետ», - արձագանքեց բնապահպանության նախարարը։
«Ֆիքսեցինք», - նշեց վարչապետը։