13/07/2017 12:17
Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունը կանցկացվի հուլիսի 19-ին
Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունը կանցկացվի հուլիսի 19-ին` Ազգային ժողովի հատուկ նիստում: Նիստը տեղի կունենա ժամը 11:00-ին: Այս մասին ասված է Արցախի ԱԺ նախագահի հայտարարությունում:
Արցախի Հանրապետության Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հանրապետության գործող նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 50 և ոչ ուշ, քան 40 օր առաջ Ազգային ժողովը խմբակցությունների առաջարկությամբ ընտրում է Հանրապետության նախագահ, որը պաշտոնավարում է մինչև գործող Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտը:
«Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ խմբակցությունները Հանրապետության նախագահի թեկնածուներ են առաջադրում գործող Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 64 և ոչ ուշ, քան 57 օր առաջ:
Սահմանված կարգով և ժամկետներում՝ հուլիսի 5-12-ը ներառյալ, Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու համար առաջադրվել է երկու թեկնածու՝
Էդուարդ Արտավազդի Աղաբեկյանը՝ «Շարժում-88» խմբակցության կողմից
Բակո Սահակի Սահակյանը՝ «Հայրենիք», «Դաշնակցություն» և «Ժողովրդավարություն» խմբակցությունների կողմից: