13/07/2017 17:17
Ադրբեջանի պաշտպանության նախարարը լավ գիտի հայ մասնագետների՝ յուրաքանչյուր զենքի կիրառության արդյունքները
Հայ մասնագետների որևէ զենքի կիրառության արդյունքները Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը լավ գիտի, Aysor.am-ին ասաց ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը:
«Հայ մասնագետների՝ որևէ զենքի կիրառության արդյունքները՝ լինի դա «Իսկանդեր», թե այլ զենք, ադրբեջանցի նախարարը լավ գիտի, եթե, իհարկե, չի ուզում մարդկանց հիմարեցնել», - ասաց Ա. Գրիգորյանը՝ մեկնաբանելով Հասանովի հայտարարությունը:
«Իսկ ինչ մնում է «Իսկանդերի» դեմ պայքարը մոդելավորելուն, ապա աշխարհում ամենահզոր պետությունն անգամ, ունենալով լավագույն ՀՀՊ համալիրները, մշտապես մոդելավորում է «Իսկանդերի» դեմ պայքարը, բայց մեկ է՝ վախենում է «Իսկանդերից» և դրա բոլոր տեսակի հրթիռներից», - ընդգծեց ռազմական փորձագետը:
Ավելի վաղ, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Ria.ru-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Ադրբեջանի զինված ուժերն ունեն հակահրթիռային զինատեսակ, որը հնարավորություն է տալիս չեզոքացնել Հայաստանում տեղակայված «Իսկանդեր» համակարգերը:
«Ես, որպես պաշտպանության նախարար, հայտարարում եմ, որ մենք ունենք հակազդող համակարգեր` մենք կարող ենք չեզոքացնել այդ հրթիռները: Այո՛, «Իսկանդեր»-ը լավ հրթիռ է, բայց կան մի քանի հարցեր: Այդ հրթիռներից ո՞ր տեսակն է, ի՞նչ տեխնիկական վիճակում են դրանք գտնվում, ո՞վ է ղեկավարում դրանք ու վերջապես` ի վիճակի կլինե՞ն նրանք դրանք կիրառել: Մենք, որպես զինվորականներ, միշտ դիտարկում ենք վատագույն տարբերակն ու պատրաստ ենք դրան: Ճիշտ է, հրթիռները, որոնց մասին ասացի ձեզ, ձեռք են բերվել ոչ Ռուսաստանից, բայց որակապես դրանք չեն զիջում: Պետք է ասեմ ձեզ, որ մենք մոդելավորել ենք իրավիճակ, անցկացրել ենք մարտական կրակով պարապմունքներ: Արդյունքը գերազանց է: Այսօր մենք վստահ ենք, որ կկարողանանք պաշտպանել մեր բնակավայրերը և ռազմական օբյեկտները օդային հրթիռային գրոհներից», - ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարարը: