14/07/2017 09:37
Հունաստան, Ստեփանավան, Վանաձոր... Քաղաքական գործիչներից ով որտեղ է հանգստանալու. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը քաղաքական գործիչներից փորձել է պարզել, թե այս տարի որտեղ են հանգստանալու։
«Փաստ»-ի հետ զրույցում ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ այս տարի նույնպես մեկնելու է Հունաստան։ «Միակ հանգիստը ինձ համար դա ծովափնյա հանգիստն է, բացառապես Միջերկրական ծովը», - հավելել է վերջինս։
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը նշել է, որ դեռևս անորոշ է կհանգստանա, թե ոչ, քանի որ բավականին գործ կա։ ԱԺ «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ նշել է, որ դեռ չի որոշել, թե առհասարակ կմեկնի հանգստի, թե՝ ոչ։ «Եթե հանգստի մեկնենք, կրկին կգնանք Վրաստան», - նշել է Մարուքյանը։
Էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանն էլ նշել է, որ ամռանը ոչ մի տեղ չի գնալու հանգստանալու։ «Ամենահավանականը, որ կարող է Երևանից մի քանի օրով մեկնեմ, կգնամ Ստեփանավան», - հավելել է վերջինս։ ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը նշել է, որ ամառը Երևանում է անցկացնելու, իսկ հանգիստը նախընտրում է նվիրել ընթերցանությանը։