14/07/2017 00:24
Սերժ Սարգսյանը բացատրել է, թե՝ ի՞նչ նկատի ուներ, երբ ասել էր, որ հայ զինվորները կռվում են 80-ականների զինատեսակներով
«Դիտակետ», «Պատիվ ունեմ», «Ես եմ» ծրագրերի հանրային քննարկումների ամփոփման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը բացատրել է, թե՝ ի՞նչ նկատի ուներ, երբ ապրիլյան իրադարձությունների ժամանակ Գերմանիայում հարցազրույց տալիս ասել էր, որ հայ զինվորները կռվում են 80-ականների զինատեսակներով:
«Նախ կոնտեքստն էր մի փոքր այլ, և երկրորդ՝ որովհետև աշխարհում չկա մի բանակ, որը կունենա բոլոր ժամանակակից զինատեսակները: Չկա՛ այդպիսի բանակ: Ո՛չ ամերիկյան բանակը, ո՛չ ռուսական և ոչ էլ որևէ այլ բանակ չի կարող ասել՝ ես ունեմ բոլոր ժամանակակից զինատեսակները, որովհետև որևէ բանակ, որևէ պետություն ի վիճակի չէ դա անելու», - ընդգծել է Ս.Սարգսյանը։
Սակայն, նախագահի խոսքով, յուրաքանչյուր բանակ պետք է ունենա բավարար զենք և զինատեսակներ, որպեսզի կարողանա լուծել իր առջև դրված խնդիրները, և դա գնահատվում է ամբողջության մեջ՝ գումարած զինվորի բավարար չափով մարտական ունակությունները:
«Այսօր մեր բանակը ունի ոչ թե ամենաժամանակակից զինատեսակները, ես չեմ կարող այդպես ձևակերպել, ունի բավարար զինատեսակներ, բավարար զենք և զինամթերք, որպեսզի լուծի իր առջև դրված խնդիրները», - նշել է Հայաստանի նախագահը։