14/07/2017 22:29
Հնդիկ գրողը ներկայացրեց իր 2֊րդ գիրքը` նվիրված հայերին ու Հայաստանին
Այսօր տեղի ունեցավ ազգությամբ հնդիկ գրող Աբի Ալեքսանդրի «The Migrant and the Maverick» (Գաղթականն ու այլախոհը) գրքի շնորհանդեսը, որը դեռևս միայն անգլալեզու հրատարակությամբ է տպագրվել: Սա արդեն երկար տարիներ ԱՄՆ-ում բնակվող գրողի՝ հային ու Հայաստանին նվիրված թվով երկրորդ աշխատությունն է: Նախորդը՝ «Արմինեի սիրո համար»-ը, որը ևս իրական պատմության վրա է հիմնված, արդեն իսկ ունի հայերեն և ռուսերեն թարգմանություն: Այն բավական տարածում գտավ ու նրա մասին մինչ այսօր է խոսվում:
«Ես հատկապես շատ եմ արժևորում հենց նախորդ գիրքը, քանի որ այն կարևոր աշխատություն է Հայոց ցեղասպանության հանրայնացման առումով: Ինքս պատիվ եմ ունեցել նպաստելու, որ գիրքը Նյու Յորքում ևս շնորհանդես ունենա… Ինչ վերաբերում է նոր գրքին, ապա այն նվիրված է Հայաստանում ապրող մի հայ մարդու, ով հենց հիմա էլ մեր շարքերում է», - հանդիպման ընթացքում նշեց գրողի հայաստանյան ընկեր Արթուր Մարտիրոսյանը:
Աբի Ալեքսանդրը ֆինանսական տնօրեն է եղել միջազգաին ոչ կառավարական սեկտորում, այցելել է 100-ից ավելի երկրներ, սակայն հավանել է հենց մեր երկիրն ու որոշել անդրադառնալ հայերին:
Հանդիպմանը ներկա Արմինե Բաբախանյանը, ում նախնիների պատմության հիման վրա էլ գրվել է «Արմինեի սիրո համար»-ը, նկատեց՝ ինքն առաջիններից է եղել, որ կարդացել է «The Migrant and the Maverick»-ը: Ունի նաև իր նախընտրած հատվածը: Ինչ վերաբերում իր իր ընտանիքի պատմությամբ գրքին՝ այն ամենահոգեհարազատն է:
Երբ արտահայտվելու խոսքը հասավ գրողին, նա առաջնահերթ իր ուրախությունը հայտնեց արդեն 9-րդ անգամ Հայաստանում գտնվելու առթիվ:
Խոստովանեց՝ իր համար գրելը բավականին դժվար է, բայց իրեն երջանիկ է զգում Հայաստան գալով:
«Մեր կյանքում պատահականություններ գոյություն չունեն, ամեն ինչ իր նպատակն ունի: Նախորդ գիրքը գրել սկսելուց 6 ամիս անց կանգ առա, չէի կարողանում շարունակել: Այդ ժամանակ Արմինե Բաբախանյանից և Արթուր Մարտիրոսյանից հրավեր ստացա այցելել իրենց՝ Նյու Յորք: Ճաշի ընթացքում Արմինեն ինձ պատմեց իր ընտանիքի պատմությունը, տատիկի ու պապիկի սերն ու ինքնազոհությունը իրենց զավակների նկատմամբ: Վերադարձիս ճանապարհին մտածեցի՝ հենց այդ իրական, անհատական պատմությունը կօգնի ինձ ավարտին հասցնել գիրքը: Ասեմ, որ գրքում հիշատակված Արեն անունով մարդը հենց Արմինեի հայրիկն է»,- նշեց հնդիկ գրողը:
Ի դեպ, առաջիկա օրերի ընթացքում Աբի Ալեքսանդրը պատրաստվում է այցելել նաև Արցախ: Չի բացառվում, որ նրա հաջորդ աշխատությունը Հայկական երկրորդ հանրապետությանը կնվիրվի: