15/07/2017 15:37
Սերժ Սարգսյանի կարգադրությամբ հաստատվել է ՀՀ բնական պաշարների կառավարման հայեցակարգը
Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա կարգադրությամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության բնական պաշարների կառավարման հայեցակարգը։
Նշենք, որ նախագիծը քննարկվել էր Անվտանգության խորհրդի հունիսի 27-ի նիստում։
Հայեցակարգի մշակումը նպատակաուղղված է օգտակար հանածոների, հողերի, անտառների, ջրային պաշարների օգտագործման և պահպանության, կենսաբազմազանության ապահովման ոլորտի պետական քաղաքականության հայեցակարգային վերանայմանը և ժամանակակից պահանջներին համահունչ գերակայությունների սահմանմանը:
Հայեցակարգը ձևակերպում է ոլորտում իրականացվող գործունեության նպատակները, պետական կարգավորման սկզբունքները և խնդիրները, ինչպես նաև բնական պաշարների կառավարման համակարգի կատարելագործման և արդիականացման ուղղությունները: Փաստաթղթի հիմնական նպատակն է բնական պաշարների կառավարման միասնական համակարգի ձևավորումը և զարգացումը՝ երկրում բնապահպանական անվտանգության մակարդակի բարձրացման, ներկա և ապագա սերունդների կենսական կարիքների բավարարման համար բարենպաստ ու բարեկեցիկ շրջակա միջավայրի, կենսաբանական բազմազանության ու բնական պաշարներով ապահովման ճանապարհով: