17/07/2017 11:47
«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունն անցնող տասը տարվա ընթացքում ՀՀ-ում 504 մլն դոլարի ներդրում է կատարել
«ԳեոՊրոՄայնինգ» դիվերսիֆիկացված միջազգայն հանքարդյունաբերական ընկերությունն օրերս նշեց Հայաստանում իր ներկայացվածության 10-ամյակը, որը զուգակցվեց «Հանքագործի ու մետալուրգի» մասնագիտական տոնի հետ:
Ընկերության նախագահ Ռոման Խուդոլիյը լրագրողների հետ զրույցում ամփոփեց անցնող 10 տարվա ընթացքում Հայաստանում ծավալած գործունեությունը:
«Տասը տարի առաջ մենք երկու ակտիվ ձեռք բերեցինք՝ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունը և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը: Երբ առաջին անգամ այստեղ եկանք, գործարանի կոլեկտիվը չէր աշխատում մոտ մեկ տարի: Մարդիկ չվճարված արձակուրդում էին, տեխնիկան էլ վատ վիճակում էր: Առաջին բանը, որ մենք արեցինք, տեխնիկայի վերականգնումն էր», - ընդգծեց Խուդոլիյը՝ հավելելով, որ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունում ներկայում աշխատում է 1070 մարդ:
Վերջինս հատկապես կարևորեց ավստրալական Xstrata ընկերությունից ձեռք բերած եզակի Ալբիոն տեխնոլոգիան, որն ապահովում է ոսկու կորզման ամենաբարձր մակարդակը. «Մենք առաջին գործարանն ենք աշխարհում և դեռևս միակը, որն այս տեխնոլոգիայով է աշխատում»:
Խուդոլիյի խոսքով՝ նախորդ տարի ընկերությունն արտադրել է 3 տոննա 800 կգ ոսկի, մինչդեռ 2006-ին, երբ նոր էր սկսում գործունեությունը, կարողացել է 136 կգ արտադրել: Ընկերությունը նախատեսում է ոսկու արտադրության քանակը հասցնել 5.5 տոննայի:
Ինչ վերաբերում է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատին, ապա Խուդոլիյը նշեց, որ այս պահին կոմբինատն արտադրում է պղնձի և մոլիբդենի 3.5 մլն տոննա խտանյութ, մինչդեռ մոտակա տարիներին նախատեսվում է խտանյութի քանակը հասցնել 4 տոննայի, իսկ կոմբինատում աշխատում է 1015 մարդ:
Ամփոփելով Խուդոլիյը նշեց, որ «ԳեոՊրոՄայնինգը» անցնող տարիների ընթացքում 504 մլն դոլար է ծախսել՝ հանդիսանալով ամենախոշոր մասնավոր ներդրող ռուսական ընկերությունը Հայաստանում: նույն ժամանակահատվածում ընկերության՝ ՀՀ բյուջե վճարած հարկերը կազմել են 177 մլն դոլար, իսկ սոցիալական ներդրումներին ուղղվել է 8 լն դոլար: