17/07/2017 15:28
Հայտնի են «Ոսկե ծիրան-2017»-ի հաղթողները
Հուլիսի 16-ին «Մոսկվա» կինոթատրոնում «Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնն ամփոփեց մրցութային ծրագրերի արդյունքները: Ժյուրիի կազմը փառատոնի փակման հանդիսավոր արարողության ընթացքում հայտարարեց մրցանակակիրներին: Փակման արարողությունը նշանավորվեց նաև «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի կողմից Ռեժիսոր Ջո Բեռլինգերին «Վարպետ» հատուկ մրցանակի հանձնմամբ: Միջոցառումը եզրափակվեց Բեռլինգերի «Բնաջնջման մտադրություն» (2017) ֆիլմի ցուցադրությամբ:
Միջազգային խաղարկային մրցույթում Ոսկե ծիրանի արժանացավ հնդիկ ռեժիսոր Սանալ Կումար Սասիդհարանի «Ցանկալի Դուրգան» ֆիլմը: Արծաթե ծիրանը բաժին հասավ «Արաբիա»-ին (ռեժ. Աֆոնսու Ուչոա/Ժուան Դումանս. Բրազիլիա):
Ժյուրիի հատուկ հիշատակման արժանացավ ռեժ. Վալեսկա Գրիզեբախի «Վեսթերնը» (Գերմանիա, Բուլղարիա, Ավստրիա):
Միջազգային վավերագրական մրցույթում Ոսկե ծիրանի դափնեկիր դարձավ ռեժիսոր Ռաեդ Անդոնիի «Ուրվականների որսը» (Ֆրանսիա, Պաղեստին, Շվեյցարիա, Քաթար): Արծաթե ծիրանի արժանացավ Սերդար Օնալի «Դերդո մայրիկը և ընկուզենին» ֆիլմը (Թուրքիա, Հայաստան): Ժյուրիի կողմից էլ հատուկ հիշատակվեց Ցվետան Դրագնևի «Գյուղացիները» (Բուլղարիա):
Հայկական համայնապատկեր ազգային մրցույթում, որպես խաղարկային ֆիլմ, Ոսկե ծիրանը տրվեց ռեժիսոր Քրիս Ավետիսյանի «Դոնալդը լաց եղավ» ֆիլմին (ԱՄՆ): Այդ մրցույթում դերակատարման համար ժյուրիի հատուկ հիշատակման արժանացավ Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ» ֆիլմում իր էկրանային դեբյուտը նշած երիտասարդ դերասան Սամվել Թադևոսյանը:
Նույն մրցույթում որպես վավերագրական ֆիլմ Ոսկե ծիրանը նվաճեց Թամարա Ստեփանյանի «Ձյուն կար» ֆիլմը (Ֆրանսիա, Հայաստան, Լիբանան): Ժյուրիի հատուկ հիշատակում՝ Աշոտ Մկրտչյան, «Օրիժին» (Հայաստան):
Ռեժիսոր Էրիկ Շահինյանի «Ջրի երեսին մնալ»-ն էլ, որպես կարճամետրաժ ֆիլմ, արժանացավ Ոսկե ծիրանին (ԱՄՆ):
«Ոսկե ծիրան-2017»-ում «Լավագույն սցենար» անվանակարգում «Դոնալդը լաց եղավ» ֆիլմն արժանացավ նաև Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակի:
Fipresci. ժյուրիի մրցանակ՝ իրանցի ռեժիսոր Մոհամադ Ռասուլոֆի «Անկաշառը»: