17/07/2017 15:18
2020 թ. մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կկազմի 4700 ԱՄՆ դոլար. Ֆինանսների նախարար
Եթե 2016 թվականին մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն եղել է 3500 ԱՄՆ դոլար, ապա 2020 թվականին այդ թիվը կլինի շուրջ 4700 ԱՄՆ դոլար:
«Դա, իհարկե, այն պայմաններում, եթե փոխարժեքի փոփոխություններ տեղի չունենան, որովհետև մակրոտնտեսական կանխատեսումների մեջ սովորաբար այն երկրները, որոնք ունեն լողացող փոխարժեքի ռեժիմ, կանխատեսումները լինում են հաշվարկային», - ասաց Վարդան Արամյանը:
Նրա խոսքով՝ ՀՀ-ում տնտեսական աճ ապահովելու համար պետք է խթանել արտահանումը, հիմնական շեշտադրումները կատարվել ներդրումներին, իսկ այդ ներդրումները պետք է հիմնականում ուղղված լինեն ոչ թե բնակարանային շինարարությանը, այլ` ենթակառուցվածներին և նոր ձեռնարկությունների ստեղծմանը:
«Այն ծրագիրը, որ դրել ենք տնտեսական զարգացման վերաբերյալ, դա հասանելի է մեզ, եթե, իհարկե, հաջողվի իրականացնել այն միկրոոլորտի բարեփոխումները, որոնք ուրվագծված են կառավարության ծրագրում», - ասաց նախարարը։
Ինչ վերաբերում է ծախսերին, Վ. Արամյանը նշեց, որ 2016 թվականին ծախսերի սեկվեստր չի եղել, հակառակը՝ ծախսերը գերակատարվել են: