17/07/2017 13:27
Արցախը «դե յուրե» շարունակում է բանակցային կողմ մնալ. Դավիթ Բաբայան
Կարևոր էր Ղարաբաղյան հակամարտության շուրջ եղած դիրքորոշումները ևս մեկ անգամ կրկնել և ներկայացնել, Aysor.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` «Ռ-Էվոլյուցիա» հաղորդմանը տված հարցազրույցին, ասաց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:
«Ընդհանրապես այն, որ ադրբեջանական կողմն` իր կարծր դիրքորոշմամբ ու հայատյաց պետականաշինության փիլիսոփայությամբ, հակամարտության կարգավորման միակ խոչընդոտն է: Մինչև այստեղ չլինեն սկզբունքային և համապարփակ փոփոխություններ, դժվար է լինելու ակնկալել ինչ-որ առաջընթաց գործընթացում և լավ է, որ Հայաստանի Հանրապետության նախագահը ևս մեկ անգամ այդ ամենը կրկնում է և ասում, որ ռազմական ճանապարհով հակամարտության կարգավորումը` այսինքն այն, ինչպես Ադրբեջանն է այն ընկալում, պարզապես հնարավոր չէ», - ասաց Դավիթ Բաբայանը:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի` Արցախը բանակցային սեղանին վերադարձնելու վերաբերյալ արված դիտարկումներին, Դավիթ Բաբայանն ընդգծեց` «դե յուրե» Արցախը շարունակում է բանակցությունների մասնակից մնալ:
«Դրա մասին մենք միշտ խոսում ենք և ասում ենք, որ առանց Արցախի մասնակցության պարզապես անհնարին է հակամարտությունը կարգավորել: Հիմա այդ մասնակցությունն ընթանում է, այսպես ասած, մասնակի ձևով: Մինչև 1997-98թթ. ուղիղ մասնակցություն էր, այնուհետև Ադրբեջանին հաջողվեց այնպես անել, որ արցախյան կողմը դուրս է մնացել բանակցություններից, բայց ուզում եմ ասել, որ «դե յուրե» նոր ձևաչափ չի հաստատվել, որտեղ Արցախը չկա: Որովհետև Արցախ-Հայաստան-Ադրբեջան ձևաչափը՝ գումարած համանախագահները, ընդունվել է կոնսենսուսի հիման վրա` ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովի ժամանակ` 1994թ.-ին և, որպեսզի փոխվի ու նոր ձևաչափ լինի, նորից պետք է գագաթաժողով լինի, ինչը չի եղել: Փաստորեն, իրավական տեսանկյունից այս ձևաչափը չի համապատասխանում իրականությանը և պետք է վերականգնվի Արցախի մասնակցությունը բանակցություններին», - ամփոփեց Դավիթ Բաբայանը: