17/07/2017 00:51
Սերժ Սարգսյան. Զիջումների միջոցով ԼՂ խնդրում իրավիճակի թեթևացումը կործանարար ճանապարհ է
ԼՂ խնդրի կարգավորման հայկական կողմի դիրքորոշման մեջ փոփոխություն նախագահ Սերժ Սարգսյանը չի ակնկալում։
«Ինչ վերաբերում է զիջումներին, մեր գոնե վերջին 20 տարիների ընթացքում մենք որևէ կերպ, որևէ տեղ, որևէ ձևով չենք խոսել զիջումների մասին։ Մենք մշտապես խոսել ենք և հիմա էլ շարունակում ենք խոսել խնդրի լուծման փոխզիջումային տարբերակի մասին։ Սրանք տարբեր բաներ են։ Եվ ես վստահ եմ, որ եթե այս խնդիրը եթե 20 տարի էլ լուծում չստանա, ապա հայկական կողմի մոտ երբեք չի լինի ցանկություն զիջումների միջոցով գնալ իրավիճակի թեթևացման։ Որովհետև սա կործանարար ճանապարհ է և սա երբեք խնդիրները չի կարող լուծել», - ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Ռ-Էվոլյուցիա» հաղորդմանը տված հարցազրույցում։
Նրա խոսքով, հայկական կողմի ցանկությունն ակնհայտ է․ Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքն ի վերուստ տրված իրավունք է, միջազգային կառույցների կանոնադրությամբ նախատեսված իրավունք է, միջազգային իրավունքի կողմից ընդունված սկզբունք է, և այն պետք է իրացվի։
«Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը պետք է ունենա ցամաքային սահման Հայաստանի Հանարպետության հետ։ Եվ երրորդ սկզբունքային դիրքրոշումը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է ունենա անվտանգության հուսալի երաշխիքներ։ Եվ այս 20 տարիների ընթացքում մենք խոսել ենք միայն այս խնդիրների շուրջ», - ասել է Ս.Սարգսյանը։