17/07/2017 00:30
Ադրբեջանին ՌԴ կողմից զենք վաճառելու խնդիրը՝ հայ ռուսական հարաբերությունների ամենացավալի կողմն է. Սերժ Սարգսյան
Ադրբեջանին Ռուսաստանի կողմից զենք վաճառելու խնդիրը՝ հայ ռուսական բարեկամության, հայ-ռուսական ռազմական համագործակցության, ընդհանրապես՝ հարաբերությունների ամենացավալի կողմն է, ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Ռ-Էվոլյուցիա» հաղորդմանը տված հարցազրույցում։
«Այդ հարցն իմ կարծիքով ստվերում է շատ բան։ Բայց մյուս կողմից էլ՝ կան հանգամանքներ, և միգուցե այդ հանգամանքները մեզ համար ընդունելի չեն, բայց իրենց համար ընդունելի են։ Դեռևս որևէ լուրջ բան չի պատահել։ Եթե ինչ-որ մի ժամանակ լուրջ հետևանքներ լինեն, այն ժամանակ կարելի է մեղադրել։ Իսկ եթե լուրջ հետևանքներ չլինեն, մենք դա պետք է համարենք որպես ռուսական կողմի երկարաժամկետ քաղաքական գործունեություն՝ տարածաշրջանում իրավիճակի կայունացնելու համար», - հայտարարել է Ս.Սարգսյանը։
Ռուսաստանի հետ հարաբերությունները վերանայելու մասին կարծիքները ՀՀ նախագահը «ծայրահեղ վտանգավոր խոսքեր» է համարել, ինչը «ծայրահեղ բարդ իրավիճակ կարող է ստեղծել»։
«Ոչ թե այդ խոսքերը միայն, այլ գործողությունները։ Իսկ երբ որ ասում եք՝ վերանայենք, իսկ ո՞ւմ հետ եք ուզում, որպեսզի վերանայենք-բարելավենք․ Թուրքիայի հե՞տ, թե՞ ՆԱՏՕ-ում բոլորն էսպես գրկաբաց կանգնած սպասում են, որ Հայաստանը հիմա գա այնտեղ։ Թե՞ ուղղակի բոլորի հետ մենք էսպես թշնամանում ենք, կամ բոլորին ասում ենք՝ դուք Ադրբեջանին օգնում եք, և մենք մենակ ելնում ենք ամբողջ աշխարհի դեմ», - ասել է նա։
Լրագրողի դիտարկմանը, որ խոսքը ոչ թե խզելու, այլ անվտանգության քաղաքականության հարցերի առումով դիվերսիֆիկացնելու մասին է, Ս.Սարգսյանն արձագանքել է. «Այսինքն՝ այդ ի՞նչ է նշանակում դիվերսիֆիկացնել։ Իսկ ի՞նչ է՝ մենք միայն էսպես սևեռված ենք ՀԱՊԿ-ի՞ վրա, մենք միայն սևեռված ենք Ռուսաստանի՞ վրա, մենք չունե՞նք հարաբերություններ Եվրամիության հետ, մենք չունե՞նք հարաբերություններ Եվրամիության անդամների հետ»։
Լրագրողի նկատառմանը, որ համաչափ ծավալով չէ, ՀՀ նախագահը նշել է. «Համաչա՞փ։ Իսկ կարծում եք, որ դա հնարավո՞ր է։ Ես կարծում եմ, որ այսօր մենք վարում ենք հենց այդպիսի քաղաքականություն՝ ունենալով մերձավոր դաշնակիցներ ու նաև համագործակցելով գործընկերների հետ»։