17/07/2017 15:11
«Բիբլիո-Գլոբուսում» մեկնարկել է «Հայաստանը բարեկամների աչքերով» ծրագիրը
Ռուսաստանի մայրաքաղաքի Մյասնիցկայա փողում գտնվող ինտելեկտուալ կենտրոնում մեկնարկել է «Հայաստանը բարեկամների աչքերով» ծրագիրը:
ԴԻԱԼՈԳ կազմակերպության կողմից նախաձեռնված միջոցառումը նվիրված էր կազմակերպության գործունեության հարյուր օրվան: Միջոցառմանը մասնակցել են ռուսաստանյան խորհրդարանականներ, գիտնականներ, վերլուծաբաններ, Մոսկվայի հայ և բաշկիր համայնքների ներկայացուցիչներ, ՌԴ ԱԳՆ և Մոսկվայում Հայաստանի դեսպանության աշխատակիցներ:
Ռաֆայիլ Զինուրովը` ծրագրի առաջին հյուր «Հայաստանը բարեկամների աչքերով» ծրագիրը ներկայացրել է ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը: «Ծրագրի շրջանակներում ռուսաստանյան տարբեր հարթակներում կկազմակերպվեն Հայաստանի պատմության, մշակույթի և ժամանակակից կյանքի նշանակալից էջերին նվիրված ձեռնարկներ` տարբեր ազգերի մեր բարեկամների մասնակցությամբ», - նշել է նա:
Ծրագրի առաջին հյուրն է եղել ՌԴ Դաշնային Խորհրդի անդամ, իրավագիտության դոկտոր Ռաֆայիլ Զինուրովը: Սենատորը հանդիսանում է «Հայաստան. հազարամյակների ուղի…» եռահատորյակի հեղինակը: Գիրքը ռուսերենով գոյություն ունեցող բոլոր պատմական աղբյուրների օգտագործմամբ շարադրված է չափածո կերպով, ուր պահպանվել են արևելյան պոեզիայի լավագույն ավանդույթները, պատմել է Նավոյանը:
«Բաշկիր հեղինակի և ռուսաստանյան քաղաքական գործչի աշխատությունը ներկայացնում է Հայաստանի համակարգված պատմությունը հին ժամանակներից մինչև մեր օրերը չափածո շարադրանքով: Սա նոր և նշանակալի ավանդ է հայագիտությունում», - նշել է ԴԻԱԼՈԳԻ նախագահը: «Զինուրովը խորապես հրապուրված է Հայաստանի պատմությամբ և մշակույթով»:
Գիրքը, Նավոյանի խոսքերով, ունի լուսավորչական, հանրագիտարանային և գործնական նշանակություն, ինչպես նաև հանդիսանում է «ազգամիջյան և միջկրոնական երկխոսության վառ օրինակ»: «Հայ ժողովուրդը կանգնած է հնագույն քաղաքակրթության գլխին» Եռահատորյակի հեղինակը այն գրել է ութը երկար տարիների ընթացքում: Այժմ իր աշխատությունը նա համարում է Հայաստանի պատմության, ազգագրության և ռազմական գործի տեղեկատու:
«Հայ ժողովուրդը կանգնած է հնագույն քաղաքակրթության գլխին, դրա համար էլ ես որոշեցի գրել այս գիրքը»,- ասել է Ռաֆայիլ Զինուրովը: Հայաստանը վերապրել է տասնյոթ կայսրություն, և նրանցից յուրաքանչյուրը, հեղինակի խոսքով, ցանկացել է իր մեջ լուծարել հայ ժողովրդին: Բայց դա տեղի չի ունեցել: Հայերին հաջողվել է կլանումից խուսափել իրենց հատուկ խառնվածքի, սեփական գրի և հայ եկեղեցու շնորհիվ, համարում է Զինուրովը:
Յուրի Նավոյանը նշել է, որ Ռաֆայիլ Զինուրովը այժմ Հայաստանի ԳԱԱ Պատմության ինստիտուտի դոկտորանտ է և նախատեսում իր երկրորդ`այս անգամ պատմագիտական դոկտորական ատենախոսությունը պաշտպանել Հայաստանում:
«Զինուրովի աշխատանքը քաղաքացիական սխրանք է» Քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Սվարանցը Ռաֆայիլ Զինուրովի աշխատությունը համարել է «հիմնարար աշխատանք չափածո կերպով»:
«Մասնագիտական հասարակայնության ներսում «պատմական պատերազմների» դարաշրջանում ծայրահեղորեն բարձրանում է հրատապ և օբյեկտիվ ուսումնասիրությունների պահանջը», - նշել է նա իր ելույթում:
«Աջ ու ձախ տեղի է ունենում պատմության կեղծարարություն, երբ մի ժողովրդի ձեռքբերումը ցածրացվում է մյուսի շահերի համար: Այդ շահարկումները պատմության և ակադեմիական գիտության հետ ոչ մի աղերս չունեն: Զինուրովի աշխատությունը որոշակի քաղաքացիական սխրանք է»:
Ալեքսանդր Սվարանցը հատուկ ուշադրություն է դարձրել հայ և ռուս ժողովուրդների դարավոր հարաբերություններին` հղում անելով Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերին.
«Նախագահն ասել է, որ մենք իհարկե, հպարտանում ենք այդ բարեկամությամբ, բայց դա ամենօրյա հսկայական աշխատանք է: Հատկապես երիտասարդության հետ աշխատանքը,» - նշել է նա: «Ամեն մի սերունդ պետք է այդ բարեկամությունում իր ավանդն ունենա»:
Նա շնորհակալություն է հայտնել Ռաֆայիլ Զինուրովին` նրա հասարակական և քաղաքական աշխատանքի համար, որը նպաստում է այդ բարեկամության ամրապնդմանը: Օլեգ Մալիկովը, «Բաշկորտոստոնի հայրենակցություն» կազմակերպության փոխնախագահը, պատմել է, որ կազմակերպության գործունեությունն ուղղված է տարբեր ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը: Նրա խոսքերով, Զինուրովը ակտիվորեն նպաստում է հայ-ռուսական բարեկամության զարգացմանը: Ռաֆայիլ Զինուրովի շնորհիվ իրականացվել են մի շարք ծրագրեր Բաշկիրտոստանի և Հայաստանի միջև: Զինուրովը բազմակողմանի մարդ է: Լինելով ռուսաստանյան հայտնի քաղաքական գործիչ, նա ոչ միայն գրքեր է գրում, այլ նաև հրապուրվում է քանդակագործությամբ:
Յուրի Նավոյանը պատմել է, որ մոսկովյան բաշկիրական համայնքի հետ միասին 2015 թ. ՌԴ Դաշնային Խորհրդում կազմակերպել են Զինուրովի քանդակների ցուցահանդեսը, որը բացել է Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: Նման մեկ ցուցահանդես էլ ծրագրվում է կազմակերպել Երևանում, որից հետո հեղինակը նախատեսում է հայկական թեմաներով իր քանդակները նվիրել Հայաստանի պետական պատկերասրահին:
Միջոցառման մասնակիցները տարօրինակ են համարել այն, որ մինչև օրս Ռաֆայիլ Զինուրովի գործունեությունը չի արժանացել Հայաստանի որևէ պետական պարգևի: «Ռաֆայիլ Զինուրովի անունը ժողովրդի կողմից ոսկե տառերով է գրված Հայաստանի բարեկամների ցանկում», - նշել է Նավոյանը: Նա նաև հրապարակել է այն գործիչների անունները, ովքեր վերջին տասը տարիների ընթացքում առաջ են մղում հայ-բաշկիրական ծրագրերը հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության շրջանակում: Միջոցառման ավարտին հեղինակը իր գրքից մի հատված է կարդաել, որը նվիրված էր Ավարայրի ճակատամարտին: