17/07/2017 19:03
Այս ֆիլմով եկավ նոր դեմք, հերոս, կերպար. Ռուբեն Բաբայանը՝ «Ոսկե ծիրանում» Սամվել Թադևոսյանի մրցանակի մասին
Հուլիսի 16-ին «Մոսկվա» կինոթատրոնում «Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնն ամփոփեց մրցութային ծրագրերի արդյունքները: Հայկական համայնապատկեր ազգային մրցույթում որպես խաղարկային ֆիլմ ընդգրկված էին Լևոն Մինասյանի «Բրավո, Վիրտուոզ», Քրիս Ավետիսյանի «Դոնալդը լաց եղավ» և Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ» ֆիլմերը: Ոսկե ծիրանը տրվեց ռեժիսոր Քրիս Ավետիսյանի «Դոնալդը լաց եղավ» 1 ժամ 25 րոպե տևողությամբ ֆիլմին: Իսկ ժյուրիի հատուկ հիշատակմանն արժանացավ Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ» ֆիլմում իր էկրանային դեբյուտը նշած երիտասարդ դերասան Սամվել Թադևոսյանը:
ՀՀ վաստակավոր արտիստ, ռեժիսոր, Հովհաննես Թումանյանի անվան Երևանի պետական Տիկնիկային թատրոնի ղեկավար Ռուբեն Բաբայանը, ով այս տարի «Ոսկե ծիրանի» հրավիրյալների կազմում չի ընդգրկվել, նկատեց՝ «Կյանք ու կռիվը» պրոֆեսիոնալ նկարահանված ֆիլմ է, դերակատարներն էլ փայլուն են կատարել իրենց առջև դրված առաջադրանքը: ՍԱմվելն ամենաարժանիներից էր:
«Սամվել Թադևոսյանն իր առաջին թատերական քայլերը մեր թատրոնում է արել, խաղացել է և՛ ներկայացումներում, և՛ բեմադրություն է արել, նրան շատ լավ եմ ճանաչում: Իսկական բացահայտում էր, շատ հետաքրքիր դերասան: Կարծում եմ, ֆիլմի ամենամեծ ձեռքբերումը նման դերասանին հայտնաբերելն էր: Մենք մի քիչ սովորել ենք նույն «դեմքերին», իսկ այս ֆիլմով եկավ նոր դեմք, հերոս, կերպար», - Aysor.am-ի հետ զրույցում նշեց ռեժիսորը:
Նրա կարծիքով՝ ֆիլմը արվեստի տեսակետից փառատոնային մեծ հաջողություններ դժվար թե ունենա, բայց կշարունակի պահանջված մնալ: Հատկապես, որ խոսում է բոլորիս համար շատ ցավոտ թեմաների մասին:
«Դա մեր անցած ճանապարհն է, իրականությունը, որը զգացել ենք սեփական մաշկի վրա: Ըստ իս՝ Մհեր Մկրտչյանը պրոֆեսիոնալ ռեժիսոր է, և սա շատ կարևոր է, որովհետև մենք հաճախակի սկսում ենք ավելի շատ հետաքրքրվել գաղափարներով, թեմաներով և անտեսում ենք կատարողական մակարդակը: Պրոֆեսիոնալիզմը մեզ մոտ դարձել է երկրորդական աղերս: Քննարկում ենք, թե ինչի մասին է ֆիլմը, բայց թե ինչպես է իրագործված՝ չենք նկատում: Զուտ մասնագիտական հարցերը հաճախակի մի կողմ ենք գցում ու զբաղվում գաղափարախոսությամբ, այդպես չի կարելի… Ի վերջո, Մադոննային բազմաթիվ նկարիչներ են պատկերել, բայց դրանցից միայն մի քանիսն են մնացել՝ Ռաֆայելինը, Դա Վինչիինը… Այնպես որ, պրոֆեսիոնալիզմի տեսակետից «Կյանք ու կռիվը» առաջնակարգ ֆիլմ է՝ փայլուն դերակատարումներով, հմուտ կառուցված սյուժեով, կենդանի դիալոգներով ու հավաստի հարաբերություններով: Իհարկե, չեմ ասի, որ սա «շեդեվր» է, բայց արժանի ֆիլմ է, որը բարձր եմ գնահատում», - նշեց նա:
«Կյանք ու կռիվին» ամիսներ անց հաջորդեց «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց»-ը: Ոմանք կարծիքով՝ ֆիլմի տրամաբանական շարունակությունը որակապես զիջում էր նախորդին: Ռուբեն Բաբայանը օրեր առաջ է նայել ֆիլմի երկրորդ հատվածը: Ընդգծում է՝ ըստ վիճակագրության, միշտ էլ հաջորդ սերիան զիջում է նախորդին:
«Իմ երիտասարդության տարիներին մի ֆիլմ կար՝ «Անորսալի վրիժառուները»: Դրա առաջին մասը փայլուն բոյեվիկ էր, երկրորդը՝ կարգին ֆիլմ, երրորդ, չորրորդ սերիաները բացարձակապես հետաքրքիր չէին: Գիտեք, արվեստում շատ դժվար է կանխատեսել հաջողությունը: Այն միայն մեր ցանկությունից ու տաղանդից չի կախված: Ամեն դեպքում, «Կյանք ու կռիվի» առաջին սերիան, չնայած վերաբերում էր 25 տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններին, իր հնչեղությամբ զարմանալիորեն ավելի ժամանակակից և օրգանական էր, քան մեր օրերին առնչվող երկրորդ մասը», - եզրափակեց մեր զրուցակիցը: