17/07/2017 00:12
Բոլորը համոզված են, որ հրադադարը խախտող կողմը Ադրբեջանն է. Սերժ Սարգսյան
ԼՂ հակամարտության գոտում հուլիսի 4-ին տեղի ունեցած իրադարձություններն ինչ-որ նոր փուլ չեն, որովհետև լարվածությունը, որ տիրում է շփման գծում վաղուց է հաստատվել, ասել է նախագահ Սերժ Սարգսյանը «Ռ-Էվոլյուցիա» հաղորդմանը տված հարցազրույցում։
Նրա խոսքով, լարված իրավիճակի պատճառը հետևայալն է. երբ Ադրբեջանը գրեթե բացահայտորեն որոշեց, որ պետք է հրաժարվի Մադրիդյան սկզբունքների հիման վրա խնդրի լուծումից, նրան այլ ելք չէր մնում։
«Եթե հրաժարվում է առաջարկված տարբերակից և սահմաններում տիրում է անդորր, ապա և միջազգային հանրության մոտ և Ադրբեջանի ներսում պետք է ստեղծվի կարծիք, որ Բաքուն համակերպվել է ստեղծված իրավիճակի հետ, ստատուս քվոյի հետ, ուստի պետք է լարված իրավիճակ, միջադեպեր, որպեսզի մի կողմից՝ սեփական հանրությանը համոզեն, որ իրենք դեռևս շարունակում են լրջորեն պայքարել Լեռնային Ղարաբաղը գրավելու համար կամ իրենց կազմ վերադարձնելու համար, մյուս կողմից՝ միջազգային հանրությանը մշտապես հիշեցնեն, որ իրենք չեն համակերպվում այդպիսի իրավիճակի հետ», - ասել է Ս.Սարգսյանը։
Ս.Սարգսյանն ընդգծել է, որ չի կիսում կարծիքը, թե Մինսկի խումբը կամ միջազգային կառույցները հավասարության նշան են դնում։
«Առնվազն երեք անգամ շատ հստակ ի ցույց էր տրվել, թե որ կողմն է խախտում հրադադարի ռեժիմը։ Բոլորը համոզված են, դրանում կարող եք վստահ լինել, որ խախտող կողմը Ադրբեջանն է։ Ամեն անգամ մատնացույց անելով Ադրբեջանին՝ կնշանակի խրախուսել հայկական կողմին՝ շատ ավելի կոշտ պատասխան տալ կամ շատ ավելի լուրջ միջոցներ ձեռնարկել։ Անկեղծ ասած, ես մի անգամ կիսապաշտոնական միջավայրում երկար զրույց եմ ունեցել համանախագահ երկրներից մեկի ներկայացուցչի հետ և ասել եմ՝ ինչո՞ւ դուք կոնկրետ մատնացույց չեք անում՝ ասեց, գիտեք, կոնկրետ մատնացույց անելու պարագայում մենք կարող է դառնանք կողմ և բոլորը կարող են մտածել, որ մենք հայամետ քաղաքականություն ենք վարում, իսկ մեր խնդիրն է բանակցային պրոցեսը շարունակել, որովհետև բանակցային պրոցեսին այլընտրանք չկա, բանակցային պրոցեսի այլընտրանքը ռազմական գործողություններն են, որը ցանկալի չէ նաև մեզ համար և, միգուցե, առաջին հերթին մեզ համար, որովհետև մեր սպայի կյանքը, մեր զինվորի կյանքը մեզ համար շատ թանկ են», - հայտարարել է Ս.Սարգսյանը։
Նրա խոսքով, Մինսկի խմբի համանախագահ երկրների համար, Մինսկի խմբի անդամների համար որևէ կասկած չկա, նրանք շատ հստակ գիտեն, թե որ կողմն է լարվածության հեղինակը, որ կողմն է նախահարձակ լինում, որ կողմն է խախտում։