18/07/2017 10:51
«Սասնա ծռերից» Աշոտ Պետրոսյանը ՊՊԾ գնդից 100 հազար դրամ է փոխանցել դստերը
2016-ի հուլիսի 17-ին ոստիկանության պարեկապահակետային գնդի գրավման վերաբերյալ քրեական գործով մեղադրական եզրակացությունից Aysor.am-ը կներկայացնի ՊՊԾ մտած «Սասնա ծռեր» խմբի անդամներից Աշոտ Պետրոսյանին վերաբերող մի դրվագ։
Նկատենք, որ այս գործով կա 92 վկա, 41 տուժող, 32 մեղադրյալ։ Վկայություններ, մասնավորապես, տվել են ՊՊԾ-ին հարակից տարածքի բնակիչները։ Օրինակ, տարածքի բնակիչներից ղարաբաղյան ազատամարտին մասնակից Ա. Մնացականյանը գնդի մոտ տեղի ունեցածին ականատես է եղել առավոտյան, երբ վազել է տարածքով։ Նա իր ցուցմունքում ասել է, որ ՊՊԾ գնդի դիմաց տեսել է զինված մոտ 10 անձի, որոնց հագին եղել են զրահաբաճկոններ:
Հետաքրքրությունից դրդված՝ մոտեցել է նրանց, որպեսզի պարզի, թե ինչ է կատարվել: Նրանցից մեկը, որին վկան այդպես էլ չի հիշել, պատասխանել է, որ հեղափոխություն են անում, հոգնել են իշխանություններից, այդ պատճառով էլ գրավել են ՊՊԾ գունդը: Մնացականյանի հետաքրքրությունն այնքան մեծ է եղել, որ մի պահ մտել է գնդի սենյակներից մեկը, որտեղ տեսել է, որ կա մինչև վեց ոստիկան, իսկ Վալերի Օսիպյանը և Վարդան Եղիազարյանը զինված տղաների հետ բանակցություններ են վարել: Վկան ասել է, որ որպես պատերազմի մասնակից, հեռակա ճանաչել է Պավել Մանուկյանին և Արայիկ Խանդոյանին։
Խորենացի փողոցի տներից մեկի բնակիչներ Թումբոլյաններից Մ. Թումբոլյանը ցուցմունքներ է տվել՝ ասելով, որ գնդի գրավումից մի քանի օր անց սկսել է շփվել զինյալների հետ, իմացել է, որ նրանք Ժիրայր Սեֆիլյանի կողմնակիցներն են, իրենց անվանել են «Սասնա Ծռեր»:
Թումբոլյանն ասել է նաև, որ իր աղջիկը՝ Նանեն, ենթադրել է, որ իր համադասարանցի Սոսեի հայրը, որի անունն Աշոտ է, նույնպես կարող է նրանց հետ լինել, քանի որ նա Ժիրայր Սեֆիլյանի կողմնակիցներից էր: Վկան ասել է, որ գնդի մոտ հանդիպել է Աշոտին և ծանոթացել նրա ու Արայիկ Խանդոյանի հետ, որին «Օդինոկի վոլկ» են անվանել:
Թումբոլյաններին Աշոտ Պետրոսյանը մոտեցել է հուլիսի 18-ին՝ ժամը 21.00-ի սահմաններում և տեսախցիկ խնդրել: Նրան տրամադրված հեռախոսը Պետրոսյանը վերցրել, գնացել է գնդի տարածք ու վերադառնալով խնդրել է հեռախոսով կատարված տեսաձայնագրությունը փոխանցել մյուս դստերը՝ Տաթևիկին։
Աշոտ Պետրոսյանի խնդրանքը կատարվել է։ Ի դեպ, այս վկան ասել է նաև, որ ինքը զինյալների հետ շփումներ ունեցել է ոչ թե որ նրանց գաղափարներին համախոհ է, այլ որպեսզի պաշտպանի իր ընտանիքը, «քանի որ զինված խմբի բոլոր անդամները, այդ թվում՝ նաև Պավլիկ Մանուկյանն ու Աշոտ Պետրոսյանը, զինված են եղել», և ՊՊԾ-ին անմիջապես մոտ գտնվող իր տանը զինյալները կարող էին վնաս հասցնել։
Ուշագրավ են վկա Կ. Սմբատյանի ցուցմունքները։ Նա ասել է, որ դեպքերի օրը հարսը՝ Էլենը, որը բնակվել է հենց Խորենացի փողոցում, այդ օրերին տեղափոխվել է իր տուն։ Սակայն հուլիսի 22-ին Էլենի հետ որոշել են այցելել իրենց տուն՝ մաքրություն անելու։ Երբ թույլտվությունից հետո կարողացել են մտնել տուն, իրենց է մոտեցել Աշոտ Պետրոսյանը և խնդրել իրենց համար բրդուճներ պատրաստել: Իրենք պատասխանել են, որ անհրաժեշտ մթերք չունեն և պետք է ուտելիք գնեն խանութից, և Պետրոսյանը նրանց է տվել 20.000 ՀՀ դրամ և խնդրել գնել սնունդ ու ծխախոտ։ Պետրոսյանի խնդրանքը կատարվել է՝ սնունդը գնել են ու փոխանցել խմբի անդամներին։
Որոշ ժամանակ անց, նույն վկայի ցուցմունքով, իրեն է հանդիպել Աշոտ Պետրոսյանը, փոխանցել 100.000 դրամ և երկու հատ էլեկտրոնային կրիչ՝ խնդրելով դրանք հանձնել իր դստերը՝ Տաթևիկին: Պետրոսյանի այդ խնդրանքը ևս կատարվել է։
Այս գործով վկա է նաև Պետրոսյանի դուստրը՝ Տաթևիկը։ Նա հարցաքննվել է ու ասել, որ հուլիսի 17-ին ինտերնետային կայքերի տարածած տեսագրություններից է տեղեկացել, որ մի խումբ անձինք գրավել են ՊՊԾ գունդը, որոնց մեջ է նաև հայրը։ Ասել է, որ հայրը՝ Աշոտ Պետրոսյանը, մինչև վերջին դեպքերը բնակվել է Աշտարակ քաղաքում՝ միայնակ: Նա «Հիմնադիր խորհրդարանի» անդամ է և, չնայած ինքը ևս հիմնադիր խորհրդարանի գաղափարների համախոհ է, սակայն այդ խորհրդարանի անդամներից ոչ մեկին չի ճանաչել և որևէ շփում չի ունեցել, որևէ մեկին չի տեսել:
Բացի այդ, ասել է նաև, որ ինքը զինված խմբի ծրագրերի, նախապատրաստության և հարձակման մասին չի իմացել: Գնդի գրավման օրերին ասել է, որ խոսել է հոր հետ ու հիմնականում հարցրել է հոր առողջությունից։ Նշել է, որ հոր վիրավորվելու մասին նույնպես տեղեկացել է համացանցից, գնացել է «Էրեբունի» հիվանդանոց, սակայն իրավապահ մարմինները թույլ չեն տվել, որ տեսակցի նրան:
Հատկանշական են Աշոտ Պետրոսյանի եղբոր որդու՝ Արամայիս Պետրոսյանի ցուցմունքները։ Ի դեպ, վերջինը Շանթ Հարությունյանի և ընկերների գործով ազատազրկված Լիպարիտ Պետրոսյանի որդին է։
Արամայիսն ասել է, որ երբ հուլիսի 19-ին եղել է հորեղբոր դստեր՝ Տաթևիկի հետ, նրան է զանգահարել Աշոտ Պետրոսյանը և խոսել է նաև իր հետ։ Արամայիսի ցուցմունքով, հորեղբայրն իրեն հարցրել է, թե ինչո՞ւ է լքել ժողովրդին, ինչու նրանց հետ չէ, ինքն էլ պատասխանել է, որ սպասում են մինչև ժողովուրդը հավաքվի, որպեսզի բանակցություններ սկսեն և փորձեն հարցին լուծում տալ։ Երիտասարդն իրավապահներին ասել է, որ այդպես էլ չի գնացել ժողովրդի մոտ, քանի որ կողմնակից չէ ուժի գործադրմանը: Հորեղբոր հետ այլ զրույց Արամայիսը չի ունեցել:
Ընդգծենք, որ «Սասնա ծռերի» անդամների մեծ մասը ցուցմունքներ չեն տվել, իսկ մյուսների տված ցուցմունքներին էլ Aysor.am-ը այս շարքի նախորդ հատվածներում անդրադարձել է։ Դատարանում այս ցուցմուքնները կարող են փոխվել։
Առաջին մաս