18/07/2017 09:36
Արա Սաղաթելյանը նպատակ ունի այնպես անել, որ պատգամավորների գործուղումները վոյաժների չվերածվեն. «Ժողովուրդ»
Նոր խորհրդարանում, կարծես, փորձ է արվում նվազեցնել միայն ճամփորդելու նպատակով գործուղման մեկնող պատգամավորների թիվը: «Ժողովուրդ»-ը գրել է, որ հենց գործուղումների հետ կապված հարցերը կանոնակարգելու և, ինչու ոչ, բարդացնելու նպատակով օրեր առաջ պատվիրակությունների կազմավորման և գործունեության կարգ է սահմանվել ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանի կողմից, ով նպատակ ունի այնպես անել, որ գործուղումները վոյաժների չվերածվեն:
Թերթը տեղեկացել է, որ ԱԺ խորհուրդը որոշել է կանոնակարգել այս հարցը՝ ընդունելով համապատասխան որոշում: Ըստ այդմ, այլևս պարտադիր է պատվիրակությունների նիստների անցկացումը: Բացի այդ, պարտադիր է գործուղումից վերադառնալուց հետո գլխավոր հաշվետվություն ներկայացնելը, ընդ որում՝ մինչև պատվիրակությունների՝ ԱԺ նախագահին հաշվետվություն ներկայացնելը, պատգամավորներն առանձին-առանձին պետք է իրենց գործունեության վերաբերյալ գրավոր զեկույցներ ներկայացնեն պատվիրակության ղեկավարին իրենց կատարած և ծրագրելիք աշխատանքների մասին:
«Կարճ ասած, գործուղումից վերադառնալուց հետո պատգամավորները պետք է օրերով թղթեր լրացնեն, զեկույցներ ու հաշվետվություններ կազմեն, պրոցես, որը ոմանց դեպքում իսկական գլխացավանք կարող է դառնալ, եթե, իհարկե, վերջիններս չփորձեն արտոնյալ դիրքերից հանդես գալ և խուսափել պարտավորությունների իրականացումից», - հավելել է թերթը:
Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում: