18/07/2017 13:03
Մեկնարկել է ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք-2017» մրցույթը
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում մեկնարկել է ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի եզրափակիչ փուլը, որի շրջանակներում անցկացվում է նաև մրցույթ սայլակով տեղաշարժվող հաշմանդամություն ունեցող (հայրը կամ մայրը) անձանց ընտանիքների միջև։
Մրցույթի կազմակերպիչ և գլխավոր պատասխանատու, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանի խոսքերով՝ 2017 թվականին «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթին մասնակցում է 1516 ընտանիք, 4548 մարդ: «Համեմատության համար ասեմ, որ 2004 թվականի առաջին մրցույթին մասնակցել է 54 ընտանիք, այսինքն՝ 162 հոգի: Տեղեկացնեմ նաև, որ ավելացել է մրցույթի բյուջեն՝ 16 մլն ՀՀ դրամից այսօր հասնելով 155 միլիոն 840 հազար 800 դրամի»,– նշել է Խ. Ասրյանը:
Հավելենք, որ «Լավագույն մարզական ընտանիք-2017» մրցույթի առաջին փուլի դրամական պարգևատրումների հաշվին տնտեսվել է 36 մլն 600 հազար ՀՀ դրամ, որով ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն անցկացնում է յոթ նոր մարզական մասսայական միջոցառում:
Ինչպես նշել է նախարարի տեղակալը, «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթը 2015 թվականից առանց բյուջեն ավելացնելու սկիզբ է դրել այնպիսի մարզական մասսայական միջոցառումների, որտեղ ընդգրկված են հասարակության բոլոր շերտերը և խավերը՝ սկսած նախադպրոցական տարիքից, դպրոցահասակներից, ուսանողությունից, քաղաքաբնակներից և գյուղաբնակներից, մինչև միջին տարիք ունեցողներ, տարեցներ, հաշմանդամություն ունեցող անձինք, խնամքի ու պաշտպանության կարիք ունեցող երեխաներ: