18/07/2017 11:53
ՀՀ արտաքին պարտքը բյուջեից երկու անգամ մեծ է. ՀՆԱ-ի 50 տոկոսն է կազմում. Վարդան Արամյան
ՀՀ արտաքին պարտքը բյուջեից երկու անգամ մեծ է. ՀՆԱ-ի 50 տոկոսն է կազմում։ Այս թվից, ըստ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի, անհանգստանալ պետք չէ, դրա համար պարտքի ներգրավման նոր քաղաքականություն են որդեգրել՝ ավելացնել ներքին պարտքը։
«Պարտքի ճգնաժամը ներքից պարտքից չի լինում», - խոսելով կառավարության պարտքային պարտավորությունների մասին՝ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։
Նրա խոսքով՝ ներքին պարտքը գործիք է, որը ա) օգնում է, որպեսզի դու հարկաբյուջետային քաղաքականությունը սահուն իրականացնես, բ) օգնում է, որպեսզի դու կարողանաս անհրաժեշտ ժամանակահատվածում նաև բուֆերներ ձևավորես։
«Ներքին պարտքի գումարները գնում է քո ռեզիդենտներին, երբ դու պարտքի սպասարկումներ ես կատարում, դա չի հոսում քո երկրի տնտեսությունից դուրս։ Դա նշանակում է, որ գումարներն ամեն դեպքում վերաբաշխվում են քո տնտեսության մեջ, օգնում են ներքին տնտեսությունում ավելացված արժեքի ստեղծմանը և այլն», - նշեց նախարարը։
Ըստ Արամյանի, ներքին պարտքի դեպքում, երբ սպասարկում կամ թողարկում է կատարվում, այդ միջոցները չեն շրջանառվում արտարժույթի շուկայի միջոցով։
Նախարարի պնդմամբ՝ եկամուտների թերակատարման պարագայում ներքին պարտքի հաշվին փակվել է դեֆիցիտը՝թողարկելով 170 մլրդ դրամի ներքին պարտք։
«Արդյունքում կարողացել ենք հասնել նաև նրան, որ տոկոսադրույքներն են էականորեն նվազել: Օրինակ, կարճաժամկետ պարտքի տոկոսադրույքները շուրջ 5 տոկոսային կետով ընկել են, ընդհանուր պարտքի միջին տոկոսը 2016-ի ընթացքում 2015-ի համեմատ շուրջ 3.2 տոկոսային կետով նվազել է», - եզրափակեց խոսքը ֆինանսների նախարարը։