18/07/2017 19:13
Կարեն Միրզոյանն Անջեյ Կասպշիկի հետ հանդիպմանն ընդգծել է սահմանին հետաքննության մեխանիզմի ներդրման անհրաժեշտությունը
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը հանդիպման ընթացքում քննարկել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից Արցախի ՊԲ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում իրականացվող դիտարկումներին վերաբերող մի շարք հարցեր։ Տեղեկացնում են Արցախի արտգործնախարարության լրատվական ծառայությունից:
Հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 18-ին` Ստեփանակերտում:
Անդրադարձ է կատարվել նաև վերջին շրջանում Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի ինտենսիվ խախտումներին։
Այս համատեքստում Կարեն Միրզոյանն ընդգծել է շփման գծում կայունության ապահովման ուղղությամբ գործուն քայլերի ձեռնարկման, մասնավորապես, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման և շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման վերաբերյալ 2016 թ․ մայիսի 16-ին Վիեննայում և 2016 թ. հունիսի 20-ին Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների անհապաղ իրագործման անհրաժեշտությունը։