18/07/2017 14:10
2017-ին նախատեսված է մոտ 500 մլն ԱՄՆ դոլարի ներդրում և մոտ 7000 աշխատատեղի ստեղծում. Հովհաննես Ազիզյան
Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով Հայաստանում ներդրումների մասին, ասաց, որ ներդրումների մասով առաջին ուղղությունն օրենսդրական փոփոխություններն են։
«Նախատեսում ենք թիրախավորված որոշակի մոտեցումներ, մասնավորապես, առանձնահատուկ կարևորում ենք թեթև արդյունաբերության, կոշիկի, կաշվի շուկաները և այս ուղղությամբ ծրագրում նախատեսել ենք, որ լրացուցիչ աջակցության մեխանիզմներ կֆիքենք», - ասաց փոխնախարարն՝ ընդգծելով, որ այժմ մշակվում են այդ մեխանիզմները։
Հ. Ազիզյանը նշեց, որ կարևոր ուղղություններից են նաև մարզային ներդրումային ծրագրերը.
«Դրանց կարևորությունը պայմանավորված է նրանով, որ մարզերում և սահմանամերձ համայնքներում ստեղծում են աշխատատեղեր։ Այստեղ ևս աջակցության մեխանիզմներ ենք մշակում։ Դա, մասնավորապես, հնարավորություն կտա նրանց ներգրավվող վարկերի սուբսիդավորում իրականացնել»։
Փոխնախարարն ասաց, որ այս փուլում նախարարության կողմից մոնիտորինգի է ենթարկվում 66 ներդրումային ծրագիր։ 2017 թվականին այդ ծրագրերով նախատեսված է մոտ 500 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում և մոտ 7000 աշխատատեղի ստեղծում։
Հուլիսի 1-ի դրությամբ, փոխնախարարի հաղորդմամբ, այդ 66 ծրագրով արդեն իսկ իրականացվել է 220 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում և ստեղծվել մոտ 2700 աշխատատեղ։
Մասնավորեցնելով փոխնախարարն ասաց, որ վերանշյալ աշխատատեղերը ստեղծվել են գյուղատնտեսության, հանքարդյունաբերության, ճարտարագիտության կամ տեղեկատվական տեխնոլոգիաների, տեքստիլ արդյունաբերության, սննդի արդյունաբերության, ոսկերչության ոլորտներում։
Հովհաննես Ազիզյանը նշեց, որ նշված ներդրումների շուրջ 50 տոկոսը մասնավոր է, մնացած 50-ը՝ վերաներդրումներ։