18/07/2017 11:17
Արցախ այցելած օտարերկրյա զբոսաշրջիկների քանակն առաջին կիսամյակում աճել է 46 տոկոսով
2017 թվականի առաջին կիսամյակի տվյալներով՝ ԱՀ զբոսաշրջության բնագավառը աճ է գրանցել բոլոր ուղղություններով, հայտնում են Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի զբոսաշրջության վարչությունից։
ԱՀ արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ 2017 թվականի հունվար–հունիս ամիսներին Արցախում գրանցվել է օտարերկրյա զբոսաշրջիկների քանակի 46 տոկոս աճ՝ 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, իսկ 2015 թվականի համեմատ աճը կազմել է 26%:
Այցելությունների քանակն ավելացել է նաև հիմնական զբոսաշրջավայրերում. օրինակ՝ Տիգրանակերտի պետական արգելոց է այցելել ավելի քան 5000 զբոսաշրջիկ, ինչը 62 տոկոսով ավելին է 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ:
Հաշվարկային գնահատականներով՝ զբոսաշրջությունից ստացված եկամուտները կազմել են 1.7 միլիարդ ՀՀ դրամ (աճը կազմել է 35 տոկոս՝ 2015թ. համեմատ):
Հարկ է ընդգծել, որ վերոհիշյալ ժամանակահատվածում զբոսաշրջության բնագավառի զարգացմանն ուղղված ծրագրերի համար, բացի պետական բյուջեի միջոցներից, հաջողվել է ներգրավել նաև 25 միլիոն ՀՀ դրամ ներդրումներ միջազգային դոնորների կողմից: