18/07/2017 15:15
Հրաչյա Ռոստոմյանը հանդիպել է ֆրանկոֆոնյան խաղերի ՀՀ մարզական պատվիրակության անդամների հետ
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն այսօր հանդիպել է ֆրանկոֆոնյան խաղերի ՀՀ մարզական պատվիրակության անդամների հետ, որոնք վաղը մեկնելու են Կոտ դը Իվուար՝ մասնակցելու հուլիսի 21-ից 30-ը անցկացվելիք ֆրանկոֆոնյան 8-րդ խաղերին, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը:
Նախարարը մարզական հաջողություններ է մաղթել մարզիկներին, հորդորել ամենայն լրջությամբ ու պատասխանատվությամբ մոտենալ իրենց մասնակցությանը և հույս հայտնել, որ մեր մարզիկները վերադառնալու են մեդալներով: «Գիտեմ, որ խաղերի նախապատրաստական փուլը նորմալ է ընթացել: Այժմ ձեզանից պահանջվում է մրցահարթակներում հանդես գալ ձեր ողջ մարզական ներուժով և պատվով ներկայացնել մեր երկիրը: Հիշե՛ք, որ ձեր յուրաքանչյուր լավ մրցելույթ կամ մարզական նվաճում ողջ հայ ժողովրդի ձեռքբերումն է», - ասել է Հ. Ռոստոմյանը:
Ֆրանկոֆոնյան խաղերի ՀՀ մարզական պատվիրակության կազմում Կոտ դը Իվուար են մեկնելու 15 մարզիկ՝ 4 ատլետ, 2 հեծանվորդ, 3 ձյուդոյիստ և 6 ազատ ոճի ըմբիշ: Պատվիրակության ղեկավարը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության սպորտի բարձրագույն նվաճումների քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանն է:
Ֆրանկոֆոնյան խաղերն անցկացվում են քառամյա փուլով: Հայաստանի Հանրապետությունն այդ խաղերին մասնակցում է 3-րդ անգամ: