19/07/2017 12:33
Աշտարակում բացվեց մարզի միակ մարզադպրոցը. այստեղ մոտ 400 երեխա կմարզվի (Լուսանկարներ)
Այսօր Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում բացվեց մարզի միակ մանկապատանեկան մարզադպրոցը: Այն պատկանում է «Սևան» մարզական ընկերությանը` վերանորոգվել ու կահավորվել է ՀՀ նախագահի հանձնարարությամբ, պետական բյուջեի միջոցներով:
«Այս դպրոցի կառուցումը սկսվել էր դեռ խորհրդային տարիներին, սակայն միության փլուզումից հետո շենքի մոտ 60 տոկոսը մնացել էր կիսակառույց»,- Աշտարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Սևան» մարզական ընկերության նախագահ Բազմասեր Առաքելյանը:
«Փլուզումից հետո շենքը դարձել էր վթարային: Երբ հանրապետության նախագահը նախընտրական այցով ժամանեց Աշտարակ իմ առաջարկությունն է եղել, որ մենք բազմաթիվ սպորտային ավանդույթներ ունենք ու մարզը չունի սպորտային որևէ դահլիճ: Նախագահը շատ հաճույքով ստանձնեց և հանձնարարեց, որ այս դպրոցը հետ վերցնենք պետության ենթակայության տակ և ներդրումը կատարվեց: Մոտ 700 մլն դրամի ներդրում արվեց պետբյուջեից, իհարկե, նախագահի գլխավորությամբ ու ցանկությամբ»,- ասաց Բազմասեր Առաքելյանը:
Նա նշեց, որ վերանորոգումից հետո նորից հանդիպել է նախագահին և խնդրել, որ մարզադպրոցը հանձնվի «Սևան» մարզական ընկերությանը:
«Այսօր այստեղ ուսուցանվելու են մի շարք մեր հիմնական մարզաձևեր` ըմբշամարտ` ազատ և հունահռոմեական, ծանրամարտ, շախմատ, սամբո, բոքս, ձյուդո: Մեր մարզական ընկերությունում պարապում են 2500-ից ավելի մարզիկներ, իսկ այս մարզադպրոցից օգտվելու են մոտ 400 երեխաներ: Սա մեր մարզի եզակի կառույցն է ու հանրապետությունում շատ քիչ կա նման որակի մարզապրոց, այնպես որ եղածով չենք բավարարվելու և ընդլայնելու ենք դահլիճների քանակն ու պարապող երեխաների թիվը», - ամփոփեց Բազմասեր Առաքելյանը:
Նշենք, որ մարզադպրոց կարող են հաճախել Աշտարակի և հարակից բնակավայրերի երեխաները: