19/07/2017 09:28
Արցախում այսօր նախագահի ընտրություն է
Արցախի Հանրապետությունում այսօր նախագահ են ընտրելու։
Արցախի նախագահի պաշտոնի համար առաջադրվել են երկու թեկնածուներ՝ գործող նախագահ Բակո Սահակյանն ու Ստեփանակերտի նախկին քաղաքապետ և խորհրդարանում «Շարժում 88» խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանը։
Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն այսօր հրավիրել է հատուկ նիստ։ Հատուկ նիստում խորհրդարանը, Սահմանադրության 168-րդ հոդվածի համաձայն, ընտրելու է Հանրապետության նախագահ, ով պաշտոնավարելու է մինչև գործող ԱԺ-ի լիազորությունների ավարտը:
Արցախի խորհրդարանի «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանն, օրինակ, երեկ մանրամասնել է, թե ինչպես է մասնակցելու քվեարկությանը։
«Քանի որ անընդհատ լրագրողներ են զանգահարում և հարցնում, թե ինչպես եմ քվեարկելու, ապա հիմա կասեմ: Քվեաթերթիկում լինելու է երկու անուն՝ Էդուարդ Աղաբեկյան և Բակո Սահակյան: Ես ջնջելու եմ Բակո Սահակյանի անունը», -Facebook-յան իր էջում գրել էր Խանումյանը։