20/07/2017 15:24
«Բանակում» սերիալից հայտնի հայ բռնցքամարտիկը Անթալիայում պարտության է մատնել թուրք մրցակցին (Տեսանյութ)
Հուլիսի 19-ին Թուրքիայի Անթալիա քաղաքում կայացած խառը մենամարտերի «ACB 64 Young Eagles19» աշխարհի առաջնությունում հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, Եվրոպայի չեմպիոն 28-ամյա Սարգիս Վարդանյանը փայլուն հաղթանակ տարավ ազգությամբ թուրք Քերիմ Քելեշի նկատմամբ: Այս մասին Aysor.am-ին տեղեկացրեց բռնցքամարտիկի մտերիմ ընկեր Հովհաննես Սարգսյանը:
Ս. Վարդանյանը հանդես է եկել 70,800 կգ քաշային կարգում՝ հատուկ այս հանդիպման համար իր հիմնական քաշից կորցնելով շուրջ 15 կգ:
«Նա մենամարտելու առաջարկ ստացել է Պրոֆեսիոնալ «Արմֆայթինգ» ընդհանուր մենամարտերի ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանից: Սարգիսը շատ մեծ պատասխանատվությամբ էր պատրաստվել այս մենամարտին, պատմության մեջ եզակի դեպք է, առաջին անգամ է, որ Թուրքիայում հայ պրոֆեսիոնալ մարզիկը փայլուն հաղթանակ է տանում հենց թուրքի հանդեպ: Սարգիսը լավ մարդ, շիտակ ու ազնիվ ընկեր, կամեցող ու հասնող անձնավորություն է», - մեզ հետ զրույցում ոգևորությամբ ու հպարտությամբ ընդգծեց Ս. Վարդանյանի ընկերը:
Ի դեպ, Սարգիս Վարդանյանն «Արմֆայթինգ» ֆեդերացիայի կազմում ընդգրկվել է այս տարվա հունիսի 1-ից:
28-ամյա բռնցքամարտիկն ապրում է Երևանում: Շատերը նրան ծանոթ են նաև հեռուստաէկրաններից. տարիներ առաջ նկարահանվում էր «Շանթ» հեռուստաընկերության «Բանակում» սերիալում՝ Արտյոմի կերպարում: