21/07/2017 12:31
ՊՊԾ գնդում ոստիկանական մեքենայի վրա «ՄԱՀ» գրողը եղել է Հովոն, այրել է Արամը. «Սասնա ծռերի» անդամ
Aysor.am-ը շարունակում է մաս-մաս ներկայացնել նախորդ տարի ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման վերաբերյալ հարուցված քրեական գործի մեղադրական եզրակացությունը։ Այս գործով մեղադրյալները 32-ն են, իսկ քրգործը անջատվել է երկու մասի և դեռ դատաքննության փուլ չի մտել։
Այս անգամ ներկայացնում ենք «Սասնա ծռեր» խմբի անդամ, սպիտակցի Էդգար Սողոմոնյանի ցուցմունքը, որտեղ նա նկարագրել է՝ ինչպես են այրվել ՊՊԾ գնդի տարածքում գտնվող ոստիկանական մեքենաները։
Էդգար Սողոմոնյանը, հիշեցնենք, Ժիրայր Սեֆիլյանի թիմի անդամ Արմեն Լամբարյանի մոր քեռու թոռն է ու Լամբարյանի կողմից հավաքագրվածներից է։
Այսպես, Սողոմոնյանը, դիտելով ներկայացված տեսագրությունները, ասել է, որ ոստիկանական առաջին ավտոբուսատիպ մեքենան այրելու համար «Վիլիս»-ով մոտեցել են Արամ Մանուկյանը, ով վարել է մեքենան, առջևում նստած է եղել Աշոտ Պետրոսյանը, իսկ հետևում նստած է եղել Էդվարդ Գրիգորյանը: Ըստ Սողոմնյանի ցուցմունքի, հենց նրանք են այդ ավտոբուսատիպ մեքենան հետևի կողմից այրել ու հեռացել:
Երկրորդ ոստիկանական մարդատար մեքենան «Վիլիս»-ով քաշել և մոտեցրել են ավտոբուսատիպ մեքենային: Այդ ժամանակ «Վիլիս»-ի աջ կողմից իջել է Գառնիկ Հովակիմյանը, վարորդը Արամ Մանուկյանն է եղել։
Մեքենաների կողքը կանգնած են եղել Էդվարդ Գրիգորյանը, Աշոտ Պետրոսյանը, որոնց մոտեցել է Մխիթար Ավետիսյանը: Հետո մի քանի հոգի, որոնց մեջ ճանաչել է Գառնիկին ու Էդվարդ Գրիգորյանին, ավտոբուսատիպ մեքենայի հետևում կանգնած կարմիր «Ջորին» հրելով մոտեցրել և կանգնեցրել են երկու այրվող մեքենաների միջնամասում, որտեղ էլ «ջորին» այրվել է: Այդ ընթացքում նրանց մոտ են եղել նաև Պավել Մանուկյանն ու Վարուժան Ավետիսյանը:
4-րդ ոստիկանական մեքենան այրելու նախապատրաստական գործողություններին մասնակցել են Արամ Մանուկյանը, որն այդ մեքենայի ղեկին է նստած եղել, իսկ մեքենան գնդից հրելով հանել են Սեդրակ Նազարյանը, Աշոտ Պետրոսյանը և Էդվարդ Գրիգորյանը:
Մեքենայի շուրջ հավաքված են եղել Մխիթարը, Արմեն Լամբարյանը, Էդվարդը, Պավլիկը, Վարուժանը և Հովոն՝ Հովհաննես Հարությունյանը: Վերջինը, ըստ Սողոմոնյանի ցուցմունքի, տարայով ինչ-որ բան է լցրել մեքենայի բեռնախցիկի ու սրահի մեջ, իսկ Սեթոն անիվ է դրել մեքենայի մեջ:
Ասել է նաև, որ մեքենայի դիմապակու վրա ներկով «ՄԱՀ» գրողը Հովոն է եղել։ Արամ Մանուկյանը նստել է մեքենայի ղեկին, իսկ Աշոտն ու Հովոն, մեքենան հրելով, մոտեցրել են այրված երեք մեքենաներին և այրել:
Էդգար Սողոմոնյանի տված ցուցմունքներում ուշագրավ մի դրվագ էլ կա իրավապահներին հանձնվելուն նախորդած իրավիճակի մասին։ Մասնավորապես, Էդգարը նշել է, որ ՊՊԾ գունդը գրավելուց հետո Վարուժանը, Պավլիկը և Վարդանն ասել են, որ սպասելու են ժողովրդին, որ ժողովուրդը հավաքվի, ճեղքի ոստիկանների շղթան, միանա իրենց ու ժողովրդի հետ գնան իշխանափոխության: Վարդանը երեք հարկանի շենքի պատուհաններից բարձրախոսով կոչեր է արել, որ ժողովուրդը հավաքվի և միանա իրենց:
Նրա ներկայացմամբ, իրավապահներին հանձնվելուց մի քանի ժամ առաջ երրորդ հարկում քննարկել են՝ հանձնվե՞ն, թե՞ ոչ ու այդ քննարկման ընթացքում Վարուժանն ու Մխիթարն ասել են, որ արյունահեղությունից խուսափելու համար պետք է հանձնվեն, իսկ Արեգը չի համաձայնվել և ասել է, որ կհանձնվեն միայն Ժիրայր Սեֆիլյանի պահանջով:
Հիշեցնենք՝ հուլիսի 17-ին ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամները հանձնվել են իրավապահներին հուլիսի 31-ին։
Նկատենք, որ գործով մեղադրյալների մի մասը, ովքեր կազմում են «Սասնա ծռեր» խմբի հիմնական մասը, ցուցմունքներ չեն տվել: Իսկ նրանց հետ ՊՊԾ գունդ մտած ու խմբի անդամ Արմեն Լամբարյանի կողմից հավաքագրված մեղադրյալները ցուցմունքներ են տվել և շատ դեպքում հենց խմբի անդամների դեմ:
Առաջին մաս