21/07/2017 12:42
Ղարաբաղյան հակամարտությունը կարևորությամբ աշխարհի համար ոչ առաջին տեղում է, ոչ երկրորդ, ոչ էլ` հինգերորդ. Իսկանդարյան
Ղարաբաղյան հակամարտությունը կարևորությամբ աշխարհի համար ոչ առաջինն է, ոչ՝ երկրորդը, ոչ էլ՝ հինգերորդը, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն` անդրադառնալով կարծիքներին, որ եթե աշխարհն ուզենար, կլուծեր Ղարաբաղյան հակամարտությունը:
«Մենք` այստեղ նստած, գերագնահատում ենք մեր նշանակությունը: Աշխարհում հիմա ղարաբաղյանի նման 50-ից ավելի հակամարտություն կա, հակամարտություններ, որոնք, կարելի է ասել, ավելի լուրջ ու կարևոր են միջազգային հանրության համար:
Ղարաբաղը ոչ առաջին, ոչ երկրորդ, ոչ էլ հինգերորդ տեղում է: Կարծիքը, թե ամբողջ աշխարհը թողնելու է բոլոր խնդիրներն ու գալու է Ղարաբաղ, իրատեսական չեն: Այո, եթե բոլորը գային, խնդիրը կլուծվեր, բայց նրանք չեն գալու», - ասաց քաղաքագետը:
Նա ընդգծեց` այսպիսով իրավիճակը հակամարտության գոտում կմնա մոտավորապես այնպիսին, ինչպիսին կա հիմա:
«Աշխարհն աշխատում է Ղարաբաղում քաղաքական գործիքներով: Քաղաքական գործիքները բավարար չեն, իսկ այլ գործիքներով աշխարհը չի աշխատելու», - ամփոփեց Ա. Իսկանդարյանը: