21/07/2017 13:11
Իրան-Հայաստան երկաթուղային ծրագիրը ոչ միայն տնտեսական, այլ նաև ստրատեգիական նշանակության ծրագիր է. Իրանցի փորձագետ
Եթե Հայաստան-Իրան երկաթուղու ծրագիրն ու իրանական գազի՝ դեպի Եվրոպա տարանցելու ծրագիրն ավելի իրատեսական դառնա, ապա այդ հանգամանքը կարող է նպաստել Հայաստանի անվտանգության մակարդակի բարձրացմանը, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց իրանցի փորձագետ Էսման Հուշմանդը։
Նա նշեց, որ Իրանը ցանկություն ունի Ռուսաստանի հետ կապվել նաև երկաթուղային ճանապարհով, իսկ նման կապի ապահովումն այս պահին հնարավոր է միայն ադրբեջանական հանրապետության միջոցով։
«Մի կարևոր հանգամանք կա, սակայն, Իրանն այդ երկաթուղու կառուցումը տեսնում է ադրբեջանական հանրապետության ֆինանսավորմամբ միայն», - նշեց իրանցի փորձագետը։
Ինչ վերաբերում է Հայաստանի հետ երկաթուղուն, նա ընդգծեց, որ Իրանն այն տեսնում է որպես իր համար Հայաստանի ու Վրաստանի միջոցով ելքի ապահովում դեպի Եվրոպա։
«Բայց, ցավոք սրտի, այս ուղղությամբ քայլերն այդքան էլ արդյունավետ չեն եղել այս ընթացքում», - նշեց Է. Հուշմանդը։
Նա հորդորեց, որպեսզի Հայաստանն ու Իրանը երկաթուղու ծրագրում շատ ավելի սերտորեն աշխատեն, որովհետև այն չափազանց կարևոր է երկու երկրների համար էլ։
«Եթե հաջողվի կառուցել Իրան-Հայաստան երկաթուղին, Իրանից Հայաստան այցելող զբոսաշրջիկների, ու հատկապես, Իրանում ատրպատականցիներով բնակեցված նահանգներից զբոսաշրջիկների քանակը մի քանի անգամ կավելանա», - նշեց նա։
Իրանցի փորձագետն ընդգծեց՝ Իրան-Հայաստան երկաթուղային ծրագիրը ոչ միայն տնտեսական, այլ նաև ստրատեգիական նշանակության ծրագիր է։