21/07/2017 13:09
Մինսկի գործընթացը զբաղվում է մենեջմենթով, ոչ թե՝ հակամարտության լուծմամբ. Իսկանդարյան
Աշնանը Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հնարավոր հանդիպումից պետք է ակնկալել հենց հանդիպում, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Կովկաս» ինտիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Վերջին տարիներին Մինսկի գործընթացը չի զբաղվում հակամարտության կարգավորման փորձերով, այն փորձում է զբաղվել հակամարտության մենեջմենթով: Բոլոր հանդիպումները, որոնք տեղի են ունենում, պետք դիտարկել հենց այդ մենեջմենթի շրջանակներում», - ասաց Ալեքսանդր Իսկանդրայանն` ընդգծելով, որ համանախագահները փորձում են նվազեցնել բռնության մակարդակն ու կանխել հնարավոր լայնամասշտաբ էսկալացիաները:
«Ինչ վերաբերում է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին, ապա չեմ կարծում, որ այսօր կարելի է ակնկալել դրանց իրականացում: Ադրբեջանն ակնհայտորեն չի ցանկանում դրանք իրականացնել ու այդ մասին շատ հստակ չի ասում քաղաքական լեզվով, բայց բացահայտ ասում է քաղաքագետների միջոցով: Մասնավորապես, քաղաքագետ, պատգամավոր Մուսաբեկովի հարցազրույցում հսատակ ասվում էր, որ Ադրբեջանը պատրաստ չէ վստահության մեխանիզմների ձևավորմանը, քանի որ այդ դեպքում, ըստ նրանց, կամրանան հայկական կողմի դիրքերը», - ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը: