22/07/2017 14:51
«Լավագույն մարզական ընտանիք» մրցույթը եզակի այն մարզական միջոցառումն է, որը դարձնում է մարդու առողջությունը բարձրակարգ արժեք. Փոխնախարար
Այսօր Ծաղկաձորում կայացավ «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի հանդիսավոր փակումը և մրցանակակիր դարձած բոլոր ընտանիքների պարգևատրման արարողությունը։
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխանախարար, «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի կազմակերպիչ և գլխավոր պատասխանատու Խաչիկ Ասրյանն ընդգծեց, որ այս մրցույթը շատ սիրված է և վայելում է լայն մասսայականություն:
«Այս մրցույթը եզակի այն մարզական միջոցառումն է, որը դարձնում է մարդու առողջությունը բարձրակարգ արժեք։ Վերջին տասը տարվա ընթացքում այս մրցույթին մասնակցող ընտանիքների թիվն ավելացել է 13 անգամ․ 2017 թվականի եզրափակիչ փուլին մասնակցում է 144 ընտանիք՝ ՀՀ 10 մարզից, Երևանից և Արցախից, նաև՝ հաշմանդամություն ունեցող 23 ընտանիք», - ասաց նա:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և մի շարք մարզպետներ:։
Պարգևները հանձվեցին մի քանի անվանակարգերում.
«Լավագույն մարզական ընտանիք» և «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզական ընտանիք» մրցույթի հինգ տարիքային խմբերի ամենակրտսեր մասնակիցները ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից ստացան 100 հազարական դրամներ։
Իսկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը գավաթներով պարգևատրեց առավելագույն միավորներ հավաքած չորս տարիքային խմբերում միասին վերցրած մրցույթի ընդհանուր հաշվարկով երրորդ, երկրորդ և առաջին տեղերը գրաված Շիրակի, Կոտայքի մարզերի և Երևանի պատվիրակություններին։