22/07/2017 15:00
«Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզական ընտանիք» մրցույթին հաղթանակած Նազարյաններին օգնում է միասնականությունն ու ընտանքի ջերմությունը
Լոռու մարզի Նազարյանների ընտանիքը չորս տարի է, ինչ մասնակցում է «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզական ընտանիք» մրցույթին և մի շարք մրցումներում զբաղեցնում է առաջին տեղերը։
«Տարվա կտրվածքով ամսվա մեջ երկու-երեք անգամ մարզվում ենք, բայց երբ մրցումները մոտենում են, մեկ ամսվա մեջ շաբաթը երեք անգամ պարտադիր մարզվում ենք», - պատմեց ընտանիքի հայրը։
Նա չորս անգամ մասնակցել է Հայաստանի ազգային պարաօլիմպիկ խաղերին, նաև զբաղվում է լեռնադահուկային և առագաստանավային սպորտաձևերով։
«Կամք, միասնականություն և ընտանքի ջերմությունն է օգնում մեզ չորս տարի շարունակ հաղթել», - ժպտալով ասում են Նազարյանները։
Նշենք, որ անցյալ տարի ընտանիքը վեց մրցումներում զբաղեցրել է առաջին տեղերը, իսկ այս տարի՝ հինգում: Նրանք ընդգծեցին, որ ձգտում են ավելիին և վստահ են իրենց ուժերի վրա, քանի որ շատ են մարզվում։
Նազարյանների դուստրը՝ Անին էլ է շատ ուրախ, որ կարողացել է մասնակցել այս մրցույթին և օգնել ընտանիքին հաղթելու գործում։
«Շատ եմ սիրում այս մրցույթը, բայց սպորտով չեմ զբաղվելու», - ասում է փոքրիկը։
Հաղթանակած դրամական պարգևներն ընտանիքը պատրաստվում է ծախսել ընտանեկան ծախսերի վրա։