22/07/2017 14:06
Երբևէ տեսե՞լ եք Ալիևին գիշերային Բաքվում զբոսնելիս, իսկ Բակո Սահակիչին բազմաթիվ անգամներ ենք տեսել. Աշոտյանը՝ Արցախի ու Ադրբեջանի տարբերությունների մասին
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը մեծ «հանցավորության աստիճանի միամտություն» է համարում Ադրբեջանի ու Արցախի միջև ժողովրդավարացման ու քաղաքական համակարգերի միջև նույնականացման նշան դնելը:
«Ադրբեջանն ու Արցախը, քաղաքական համակարգերի զարգացման տեսանկյունից, պարզապես գտնվում են տարբեր իրականություններում», - այսօր «Մեդիա կենտրոն»-ում հայտարարեց Աշոտյանը:
Նրա խոսքով՝ այն հանգամանքը, որ Արցախի նախագահը երեք տարով ԱՀ ԱԺ-ի կողմից ընտրվեց անցումային փուլի նախագահ, Արցախի ժողովրդ կողմից քաղաքական, ռազմաքաղաքական որոշում էր:
«Արցախում դուք չեք գտնի ոչ քաղաքական բանտարկյալներ, ոչ ազատ խոսքի սահմանափակում, ոչ վտարանդի լրագրողներ: Արցախում չեք գտնի կոռումպացվածության այդ սարսափելի ճահճային աստիճանը: Դուք երբևե տեսե՞լ եք Բաքվի հրապարակում Ալիևին առանց թիկնապահների զբոսնելիս, երբևէ տեսե՞լ եք Ալիևին գիշերային Բաքվում կամ առավոտյան զբոսնելիս: Իսկ Բակո Սահակիչին բազմաթիվ անգամ ենք տեսել: Ո՞նց կարելի է համեմատել», - նշեց Աշոտյանը՝ անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե 2013-ին, երբ Ադրբեջանում երրորդ անգամ Ալիևն ընտրվեց նախագահ, հայկական երկու պետությունները նրան համարեցին բռնակալ, մինչդեռ արցախում Բակո Սահակյանը ևս երրորդ անգամ նախագահ է ընտրվել:
Պատգամավորի պնդմամբ՝ Արցախի ժողովուրդն է իր Ազգային ժողովի միջոցով արտահայտել քաղաքական կամք՝ ընտրելով Բակո Սահակյանին: