22/07/2017 14:15
Նախագահը դիտել է «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի 2017թ. եզրափակիչ փուլի մրցումները
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորի օլիմպիական գլխավոր մարզահամալիրի մարզադաշտում դիտել է ՀՀ Նախագահի մրցանակի համար արդեն ավանդաբար՝ տասնչորսերորդ տարին անընդմեջ անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի 2017թ. եզրափակիչ փուլի մրցումները, հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:
«Լավագույն մարզական ընտանիք-2017» մրցույթն անցկացվել է երեք փուլերով, չորս տարիքային խմբերով՝ 6 մրցաձևերում: Մրցույթի 1-ին փուլին Արցախից, Երևան քաղաքից և Հայաստանի Հանրապետության 10 մարզերից մասնակցել է 1516 ընտանիք կամ 4548 մարդ: Եզրափակիչ փուլ է անցել նախնական փուլերը հաջողությամբ հաղթահարած 144 ընտանիք: Մրցույթի եզրափակիչ փուլում այս տարի մասնակցել է նաև հաշմանդամություն ունեցող 23 ընտանիք՝ Հանրապետության մարզերից, Երևան քաղաքից և Արցախից:
Հանրապետության Նախագահը շնորհավորել է մրցույթի հաղթողներին, հանձնել վկայագրեր, դրամական պարգևներ և հուշանվերներ, նաև գավաթներ՝ Երևանի, Արցախի և Հանրապետության մարզերի պատվիրակություններին: Եզրափակիչ փուլ անցած 144 ընտանիքի և հաշմանդամություն ունեցող 23 ընտանիքի բոլոր երեխաները Նախագահի կողմից ստացել են խրախուսական նվերներ:
«Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի կազմակերպիչները, որպես երախտագիտություն, Նախագահ Սերժ Սարգսյանին են հանձնել գավաթ-հուշանվեր՝ «Լավագույն մարզական ընտանիք» միջոցառմանը Հանրապետության Նախագահի հոբելյանական 10-րդ այցի և միջոցառմանը մշտապես աջակցելու, մասնակիցներին խրախուսելու համար:
Ս.թ. փետրվար ամսից մինչև դեկտեմբեր ամիս Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ», «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ», «Երեխաների խնամքի և պաշտպանության լավագույն մարզական հաստատություն» մրցույթներին, ինչպես նաև 7 մարզական մասսայական նոր միջոցառումներին, ըստ կազմակերպիչների, մասնակցելու են 81 192-ից ավելի երեխաներ և հաշմանդամություն ունեցող մարդիկ:
Սերժ Սարգսյանը ողջունել է «Մարզական ընտանիք» մրցույթի բոլոր մասնակիցներին և հաղթողներին, մաղթել նոր հաջողություններ:
«Ես մեծ սիրով շնորհավորում եմ այս մրցույթում մրցանակների արժանացած ընտանիքներին ու նաև, իհարկե, շնորհավորում եմ բոլոր մասնակիցներին, որովհետև ընտանիքով այսպիսի մրցություններին մասնակցելն արդեն մեծ հաջողություն է: Եվ այս զանգվածային սպորտային միջոցառումներին մասնակցելը ոչ միայն մեզ պարգևում է առողջություն, այլ նաև լավ տրամադրություն, հաստատակամություն, հավատ ապագայի նկատմամբ:
Ուզում եմ, որպեսզի բոլորդ նայեք այս երեխաների աչքերին. տեսեք՝ ինչքան լույս է ճառագում, տեսեք՝ ինչքան վստահություն և ուրախություն կա, ուրեմն այն, ինչ որ կատարվում է, տեղին է, անհրաժեշտ է, և մենք պետք է մեր հանրապետությունում պրոֆեսիոնալ սպորտի հետ զուգահեռ՝ մշտապես նպաստենք զանգվածային միջոցառումների անցկացմանը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը, տարածքային կառավարման նախարարությանը, մեր՝ այստեղ ներկա գտնվող Երևանի քաղաքապետին, մարզպետներին, օլիմպիական կոմիտեի նախագահին, որ կազմակերպել և անցկացրել են այս միջոցառումը:
Բոլորիդ շնորհավորում եմ և շատ շնորհակալ եմ», - ողջույնի խոսքում ասել է Հանրապետության Նախագահը: